Բանկից շուրջ 1,6 մլրդ գումար հափշտակելու համար մեղադրանք է առաջադրվել 8 անձի

Մանրամասներ

Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների  քննության բաժնում ավարտվել է բանկին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարները հափշտակելու, փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով եւս 8 մեղադրյալի մասով նախաքննությունը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետությում գործող առեւտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ Գ.Ղ.-ն, իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, նախօրոք մշակված սխեմաների, որոշ դեպքերում նաեւ դրանց համակցությամբ կիրառված եղանակներով, 2021 թվականի ապրիլից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, նախնական համաձայնության գալով «Ինկասացիոն ծառայություն» ՓԲԸ աշխատակցի հետ, բանկոմատների լիցքավորման եւ ապալիցքավորման գործընթացների ժամանակահատվածներում 160 դեպքերով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 1.608.762.000 ՀՀ դրամ կանխիկ գումար: