Փոխվում է Twitter-ի անունը և տարբերանշանը

Մանրամասներ

Երկուշաբթի Twitter-ը թարմացրել է իր տարբերանշանը՝ կայքի կապույտ թռչունը փոխարինելով սև և սպիտակ X-ով։

Ավելի վաղ Twitter-ի պաշտոնական էջը համանուն հարթակում, հայտարարված ռեբրենդինգի շրջանակում, անվանափոխվել էր X-ի, իսկ ավանդական կապույտ թռչնի տարբերանշանի փոխարեն սև ֆոնի վրա սպիտակ գույնով պատկերված X տառն էր։

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկն էլ երկուշաբթի իր էջում տարածել է ընկերության գլխամասային գրասենյակի գիշերային լուսանկարը, որի շենքը նույնպես լուսավորված է նոր տարբերանշանով։

Business Insider-ը նշել է, որ սոցցանցի որոշ օգտատերեր «սգում» են կապույտ թռչնի մահը, իսկ ոմանք ասում են, որ ռեբրենդինգն իրենց այնքան դուր չի գալիս, որ դրա պատճառով ցանկանում են լքել սոցցանցը։

Իլոն Մասկը նաև նշել է, որ Twitter սոցիալական ցանցի նոր տարբերանշանը դեռ կփոփոխվի: «Հետագայում հնարավոր են տարբերանշանի փոփոխություններ, այն անպայման վերջնական տեսքի կբերվի»,- վստահեցրել է ամերիկացի գործարարը Twitter-ում։