Մարդը մտնում է Սևան, ասում են՝ 10 հազար տուր, ինչի՞ համար. ավտոկանգառի համար թող 200 դրամ վճարի. Փաշինյան

Մանրամասներ

Հայաստանում բավականին երկար ժամանակ գործում են հանրային լողափեր ու ես մի քանի անգամ փորձել եմ անձամբ այցելել ու տեսնել՝ ինչ է կատարվում այնտեղ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տրամաբանությունն այն է, որ հանրային լողափում ամեն ինչ անվճար է: Ես փորձել եմ բացել դուռ և բռնակը մնացել է ձեռքումս, սանիտարական վատ վիճակ, կոտրված նստարաններ, աղբի կուտակումներ, էլ չասեմ սանհանգույցի վիճակի մասին։ Հիմա ես հանձնարարական եմ տվել, որ մրցույթով պետք է հանրային լողափեր ստեղծենք ու մրցույթով տանք կառավարման։

Այն բոլոր կամ հիմնական բաները, որ քաղաքացին կարող էր առանց որևէ վճարման անել, եթե այդ հանրային լողափի կառավարող ընկերությունը այնտեղ ներկա չլիներ, այդ նույն բաները պետք է  քաղաքացուն հասանելի լինեն մատչելի կերպով։ Այսինքն ցանկացած քաղաքացի կարող է գնալ, նստել այդ ափին ու ամբողջ օրը անցկացնել այնտեղ, իր հետ բերել ուտելիք, անհրաժեշտ պիտույքներ ու թողել գնալ։

Բայց մյուս կողմից, եթե քաղաքացին ուզում է օգտվել որոշ ծառայություններից, պետք է վճարի դրանց համար ու օգտվի։ Սա արվում է նրա համար, որ մասնավոր հատվածը շահագրգռված լինի ներդրումներ անել, պատշաճ վիճակի բերել տարածքը  ու սպասարկում իրականացնել, որի արդյունքում կստեղծվի պատշաճ միջավայր հանգստի համար»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ հանրային լողափերում որոշ ծառայություններ դարձնել վճարովի. «Փորձը ցույց է տալիս, որ անվճար սանհանգույցը երբեք նորմալ վիճակում չի լինելու, թող լինի էժան, սիմվոլիկ վճարով, բայց լինի արժանապատիվ։

Պետք է արգելենք նաև հանրային լողափի մուտքի համար որևէ վճար ստանալը։ Ասելով, որ ամեն ինչ անվճար է՝ մենք դրանով մարդկանց լավություն չենք անում»,- կառավարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մարդը մտնում է Սևանի տարածք, գալիս ասում են՝ 10 հազար տուր, ինչի՞ համար տա: Մենք պետք է արգելենք մուտքի համար որևէ վճար տալ, բայց, եթե ավտոկանգառ կա, որն անվտանգություն է սահմանում, որ մարդը 200 դրամ վճարի, ի՞նչ կլինի, թող վճարի, ինքն էլ հանգիստ կլինի, ոչ թե կես ժամը մեկ վազի նայի՝ ավտոյի հայելիները տարե՞լ են, թե՞ չէ»,- ասաց Փաշինյանը։