Ստեփանակերտը երբեք չի հրաժարվել Բաքվի հետ երկխոսությունից, բայց այն անհնար է շրջափակման պայմաններում. Արցախի ԱԳՆ ղեկավար

Մանրամասներ

Արցախը երբեք չի հրաժարվել Բաքվի հետ երկխոսությունից։ Այլ հարց է, որ բանակցությունները չեն կարող ընթանալ ճնշման տակ, ուղեկցվել շրջափակմամբ, սպանություններով եւ սադրանքներով։

Այս մասին Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։

Նախարարի խոսքով՝ արցախյան կողմը առավել շահագրգռվածն է իրական երկխոսության հարցում։ «Բայց որպեսզի երկխոսությունը կառուցողական լինի, պետք է համապատասխանի որոշ պահանջների»,- ասել է Ղազարյանը՝ ավելացնելով, որ այս հարցի վերաբերյալ առաջարկներ են ստացվել տարբեր երկրներից, միջազգային կազմակերպությունների ղեկավարներից։ Նա հիշեցրել է, որ փետրվարի 24-ին եւ մարտի 1-ին տեղի են ունեցել հանդիպումներ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ, նրանց տեղակայման վայրում, որոնց ընթացքում քննարկվել են տեխնիկական բնույթի հարցեր։

Բայց ադրբեջանական կողմը լիովին խեղաթյուրել է այդ հանդիպումների բովանդակությունը։ Հետո տեղի ունեցավ դիվերսիան, երբ սպանվեց 3 ոստիկան, մեկը վիրավորվեց։ «Անհնար է ճնշման տակ իրականացվող հանդիպումներն անվանել երկխոսություն եւ բանակցություն։ Ադրբեջանական կողմը պետք է դադարեցնի շրջափակումը, վերականգնի մատակարարումների հնարավորությունը, մենք պետք է տեսնենք, որ իրավիճակը փոխվում է։ Նրանք պետք է ցույց տան, որ պատրաստ են երկխոսության»,- ասել է Ղազարյանը։

Նա ավելացրել է, որ քննարկումներն ընթանում են, ղարաբաղյան կողմը ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ադրբեջանին առաջարկներ է ներկայացրել, որոնք Բաքուն մերժել է։