«Ղարաբաղում գտնվող հայ զինվորականները և ռազմականամերձ կազմավորումները պետք է զինաթափվեն». Ալիև

Մանրամասներ

Զինաթափել Արցախի պաշտպանության բանակը և բացել «Զանգեզուրի միջանցքը». հերթական անգամ այսպիսի պահանջներով է աչքի ընկել Ադրբեջանի նախագահը:

Ալիևը դրանք ներկայացրել է Բաքվում, Չմիավորման շարժման Համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ։

«Հակամարտության ավարտից շատ չանցած Ադրբեջանը ներկայացրել է հինգ հիմնական սկզբունք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ Չնայած Հայաստանը ստիպված էր Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռեւս գտնվում են հայկական զինված ուժերի մնացորդները»,- ասել է Ալիևը:

Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Հայ զինվորականները և ռազմականամերձ կազմավորումները տեղերում պետք է զինաթափվեն»,- ասել է Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք՝ Ալիևը նաև հայտարարել է, որ «Հայաստանը խոչընդոտում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, որն Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ։ Դա նրա պարտականությունն է, որը բխում է մոտ երեք տարի առաջ նրա ստորագրած կապիտուլյացիայի ակտից»։