Ռուսաստանում ծայրահեղ լարված իրավիճակ է. Պրիգոժինն ասել է, որ «Շոյգուն վախկոտ կնոջ պես փախել է Ռոստովից»

Մանրամասներ

«Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը, որի գլխավորությամբ նրանք մասնակցում են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությանը, մեղադրանքներ է հնչեցրել ռազմական ղեկավարության հասցեին ու երկրում զինված ապստամբության կոչ արել։

Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դիտավորյալ ժամանել է Ռոստով՝ «Վագների» ոչնչացման հատուկ գործողություն իրականացնելու նպատակով։

Նրա խոսքով՝ Շոյգուն հրետանի ու ուղղաթիռներ է օգտագործել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել։

«Այն չարիքին, որ կրում է երկրի ռազմական ղեկավարությունը, պետք է վերջ տրվի։ Խնդրում եմ ոչ մեկին չդիմադրել, բոլորին, ովքեր կփորձեն դիմադրել, մենք կոչնչացնենք։ Արդարությունը զորքերում կվերականգնվի, իսկ դրանից հետո՝ ողջ Ռուսաստանում»,- Թերթի փոխանցմամբ, ասել է նա տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութերում։

«Շոյգուն ուղղակի վախկոտ կնոջ պես փախավ Ռոստովից։ Այս արարածը կկանգնեցվի»,- ասել է Պրիգոժինը։

«Մենք 25 հազար ենք, և մենք պատրաստվում ենք պարզել, թե ինչու է երկրում քաոս է տեղի ունենում, բոլոր նրանք, որ ցանկանում են միացեք։ Մենք պետք է վերջ տանք այս խայտառակությանը», - ասել է «Վագների» ղեկավարը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Եվգենի Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու տեսաուղերձները «ՌԴ ՊՆ-ի կողմից «Վագներ» թիկունքի ճամբարներին հարված հասցնելու» մասին, չեն համապատասխանում իրականությանն ու տեղեկատվական սադրանք են։

Նախարարությունը նշել է, որ ՌԴ ԶՈւ-ն շարունակում է մարտական առաջադրանքներն Ուկրաինայի ԶՈւ-ի հետ շփման գծում Հատուկ ռազմական գործողության տարածքում։

Կրեմլից հայտնել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է Պրիգոժինի շուրջ տիրող իրավիճակին, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները։