1 զոհ, վիրավորներ և ավերածություններ․ Բելգորոդի, Վորոնեժի, Կալուգայի և Կուրսկի մարզերը ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել

Մանրամասներ

Մայիսի 10-ին Ռուսաստանի մի քանի մարզեր ենթարկվել են անօդաչուների հարձակման։ Այսպես, Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում հրետանային հարվածի հետեւանքով զոհվել է մեկ տեղաբնակ։ Վորոնեժի մարզում երկու անօդաչու է պայթել ռազմական օբյեկտի տարածքում։ Baza թելեգրամյան ալիքի տվյալներով՝ հարվածի հետեւանքով տուժել է 14 զինծառայող։ 

Կալուգայի մարզում, ASTRA թելեգրամյան ալիքի տեղեկատվության համաձայն, մայիսի 10-ի առավոտյան Մեխովո գյուղի շրջանում երկու անօդաչու է խոցվել: Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել է, որ Տոլմաչեւո գյուղի մոտակայքում անօդաչու է խոցվել: Փլատակների ընկնելու հետեւանքով վնասվել են գազատար խողովակը եւ տներից մեկի ճակատային հատվածը։

SHOT թելեգրամյան ալիքը հայտնում է նաեւ Բելգորոդի մարզում անօդաչուների հարձակման մասին։ Հարվածի հետեւանքով վնասվել են մի քանի շենքեր։ Mash թելեգրամյան ալիքը տեղեկություն է տարածել այն մասին, որ Ուկրաինայի Զինված ուժերը մայիսի 9-ին մի քանի անօդաչուներով փորձել են հարձակվել Մոսկվայի վրա։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է այդ տեղեկությունը: Նա հայտարարել է, որ իրավապահ մարմիններից որեւէ հաղորդում չի ստացվել։