Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրեց աշխատանքը, աշխատակիցները լքել են շենքը

Մանրամասներ

Իրանում Ադրբեջանի դեսպանատան բոլոր աշխատակիցները տարհանվել են, Թեհրանում դիվանագիտական առաքելությունն ամբողջությամբ դադարեցրել է իր գործունեությունը։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

«Մենք ամբողջությամբ դադարեցրել ենք դեսպանատան դիվանագիտական գործունեությունը: Դեսպանատան վարչական շենքի և ունեցվածքի պահպանման հետ կապված այնտեղ հինգ մարդ է մնացել, մյուսները դիվանագիտական գործունեություն չեն ծավալի»,- հայտարարել է Խալաֆովը։

Ավելի վաղ փոխնախարարը հայտարարել էր, որ Բաքուն Իրանից պահանջել է հանցագործության թափանցիկ հետաքննություն անցկացնել, մեղավորներին պատասխանատվության ենթարկել և կոնկրետ տեղեկատվություն տրամադրել ադրբեջանական կողմին։

Նա ընդգծել էր, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը դատապարտվել է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Թյուրքական պետությունների կազմակերպության, Իսլամական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային կառույցների կողմից։ Միևնույն ժամանակ այս զինված հարձակումն ահաբեկչական գործողություն է որակվել ավելի քան 60 երկրի ղեկավարների, արտաքին գործերի նախարարների և դեսպանների կողմից։