Ես նույնիսկ ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանին օգտագործեք որպես «բուլդոզեր». Մենք օգտագործեցինք, բայց Քոչարյանը կեղծեց ընտրությունները

Մանրամասներ

1

Ասում են՝ պարոն Աղազարյան, ինչու՞ անցյալի սխալներից դասեր չեք քաղում։ Որպես անցյալի ու ներկայի կապող օղակներից մեկը, որոշեցի մի երկու խոսք ասել։ Դասեր քաղել ենք 94 թվականի սխալից, երբ Հայաստանը, որպես կողմ, խառնվեց և ստորագրեց զինադադարի հայտնի պայմանագիրը, դա մեծագույն սխալ էր, որովհետև Հայաստանը գործ չուներ Ադրբեջանի հետ, Հայաստանն Ադրբեջանի հետ չէր կռվում, այդ ադրբեջանական թեզերը մի տարածեք։

Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստին ասաց ՔՊ–ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, նշելով, որ Ադրեբեջանի դեմ կռվում էր Արցախի ժողովուրդը, Հայաստանից գնացել, պաշտպանել են իրենց եղբայրներին։
«Այ, մեր սխալն այն է, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ավար բաժանելու նպատակով, որ իրենք են փրկել Արցախը, ստորագրեցին այդ փաստաթուղթը, որը պատճառ դարձավ հազարավոր որոշումների և Հայաստանը դարձավ օկուպանտ ՄԱԿ–ի որոշումներով։ Դասեր քաղում ենք, և տարանաջատում ենք երկու հարց․ Հայաստան–Ադրբեջան հարաբերություններն Արցախի ինքնորոշման իրավունքից տարանջատում ենք։ Նախկինում ՀՅԴ–ն առաջ էր քաշում 90–ականներին, որ Արցախը ճանաչենք, բա հիմա բերեք այդ փաստաթուղթը, ինչու եք այլ փաստաթուղթ բերել»,–ասաց Աղազարյանը։

Նա ասաց, որ և նախկինում, և հիմա նույյն է ինքը․ «Այն ժամանակվա իմ գծից չեմ շեղվել, երբ Քոչարյանը դարձավ ՀՀ վարչապետ, ես շատ ուրախ էի այն ժամանակ, որովհետև ես իրեն ճանաչում էի և ես նույնիսկ նիստին ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանին օգտագործեք որպես «բուլդոզեր» Լևոն Տեր–Պետրոսյանի իշխանությունը տապալելու համար, մենք օգտագործեցինք, տապալեցինք, բայց հետո մենք գնացինք ավելի վատ ճանապարհով, Քոչարյանը կեղծեց ընտրությունները և դրա հետևանքով մենք ունեցանք կորուստներ»։