Հայաստանը դեռ վերաձևելու է Կասպից արևմուտքը՝ վերականգնելով իր իրավունքները

Մանրամասներ
ա

Ինչպես «խոստացել» էր հայաստանյան թերթերից մեկը, Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում «հզոր պատասխան» է տվել Բաքվի հանցախմբի պարագլուխ Ալիեւի՝ նոյեմբերի 8-ին հայկական օկուպացված Շուշիում սարքած հիստերիկային։ Փաշինյանի ելույթները սովորաբար պայմանավորվածությունների ու զիջումների, հակապետական ու հակազգային քաղաքականության հերթական դոզավորված խոստովանություն են։ Այսօրվա ելույթը կարելի է համարել գլուխգործոց՝ բոլորը մեկտեղ բավական մեծ դոզայով։

Նախ՝ Ալիեւի հիստերիայի մասին։ Այն ուղղված էր ոչ այնքան Հայաստան իշխանությանը, որքան Իրանին ու իր ձեւակերպմամբ՝ «Հայաստանի որոշ հովանավորներին», որոնք ըստ ամենայնի խանգարում են իր պլաններին եւ Պուտինի ու Փաշինյանի հետ եռակողմ դավադրությանը։ Խոսքը մասնավորապես Հայաստանի հետ սահմանը պաշտպանելու Իրանի վճռական դիրքորոշման եւ Ֆրանսիայի խորհրդարանում հայկական իրավունքների վերաբերյալ առաջիկա քվեարկության մասին է։

Մյուս կողմից, Հայաստանի պարագային էլ Ալիեւը խնդիրներ ունի՝ չնայած իշխող խմբակի ու նրա տիտղոսակիր ընդդիմության, այս երկուսին սպասարկող մեդիա-քաղաքագետների լայն կոհորտի՝ ռուս-թուրքական եռակողմ հայտարարություններին հավատարմությանը եւ հայ հանրության զգալի մասի ապակողմնորոշվածությանը, այնուամենայնիվ հայկական իրավունքները ոչ մի տեղ չեն կորել, հայ հանրության մեջ էլ ձեւավորվում ու ընդլայնվում է խնդիրներն ու անելիքները հստակ գիտակցող մի շերտ։

Ահա այս հանգամանքներն ու դրանցից բխող վախերն են Ալիեւի հիստերիայի պատճառը։ Այդ վախերը մատնում են «Փաշինյանին վախեցնելով երեք շրջանները հետ ստանալու» եւ «Ադրբեջանի իրավունքների» մասին նրա հայտարարությունները։

Փաշինյանի այսօրվա ելույթն ուղղված էր Ալիեւի վախերը փարատելուն եւ երաշխիքներին։ Բաքուն այս է ուզում, այն չի անում, պայմանավորվածությունները չի պահում տիպի նվնվոցի ու գանգատների կողքին, Փաշինյանի ելույթի առանցքը նրա երկու հավաստիացումներն են Ալիեւին․

1․ Ուզում եմ վերահաստատել Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին մեր հավատարմությունը, այն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության, 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի և արձանագրության հիման վրա փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիման վրա Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ:

2․ Մենք մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որովհետև մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին: Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին:

Հակիրճ անդրադառնանք այս երկու կետերին։ Ինչ է թաքնված Ալմաթիի 1991-ի հռչակագրի տակ, որին մշտական հղումները հանրության մոտ կարող են ինչ որ սպասումներ առաջացնել։ Իրականում, ինչպես գրում է քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանը, «այն տեսքով, որով դա ներկայացվում է, նախկին ԽՍՀՄ երկրները անտեսում են թե իրենց միջազգային պարտավորությունները, թե ժամանակին բուն ԽՍՀՄ կողմից սահմանված՝ ինքնավար միավորներ պարունակող հանրապետությունների սեցեսսիայի, այսինքն Միությունից անջատման վերաբերող օրենքներից բխող սահմանային իրադրությունը: Այլ կերպ ասած, ԱՊՀ հետ կապված որեւէ իրավական ակտ իրավազոր համարել չի կարելի: Սովորական տնայնագործական մակարդակի հիմնավորումներ են: Բացի այս արձանագրումից, կարեւոր է նաեւ այն, որ Ադրբեջանական Հանրապետությունը ժխտում է Ադրբ. ԽԱՀ իրավահաջորդությունը: Այդ դեպքում ինչ կապ ունի ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը նախկին Ադրբ. ԽՍՀ եւ այդ միավորը ներառող ԽՍՀՄ հետ, որի լուծարման հետեւանքով էլ առաջացել է ԱՊՀ կոչվածը»: Այսինքն, այդ հռչակագրով Բաքուն չի ստանձնում պարտավորություններ, ավելին, նրա ձեռքերն ազատվում են։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, դրանով ի մասնավորի հաստատվում են «Ադրբեջանի» իրավունքները Արցախի ու Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հանդեպ, լայն առումով՝ լեգալացվում է Կասպից արեւմուտքի այդ արհեստական կազմավորումը։

Փաշինյանի ելույթում մնացյալը՝ նվնվոցը, գանգատները, Ալիեւի խոսքի մեկնությունները հանրության գլխի տակ փափուկ բարձ են ու ֆոն՝ այս երկու երաշխիքների դիմաց։ Սա իրականում պատասխան չէ Ալիեւին, առավել եւս՝ հզոր, պատասխանը կհնչեր նվազագույնը մոտավորապես այսպես՝ եթե դու չես պահում պայմանավորվածությունները, խախտում ես այս ու այն, ուրեմն Հայաստանն այլեւս ազատ է իր ստանձնած պարտավորություններից։

Հետնիկոլական Հայաստանում պատասխանները հնչելու են հստակ եւ հատու՝ հիմնված հայկական իրավունքների հաստ ու անբեկանելի փաթեթի վրա։ Հայաստանը դեռ վերաձեւելու է Կասպից արեւմուտքը՝ վերականգնելով իր իրավունքները եւ պատմության աղբանոցն է ուղարկելու եռակողմ պայմանավորվածությունների հեղինակներին ու սպասարկուներին՝ եռակողմ թղթերով փաթեթավորած։

Սկզբնաղբյուր