Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են, որ Պուտինը չի մասնակցի Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Reuters

Մանրամասներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ ներկա չի գտնվի «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, որը մեկնարկելու է Բալիում նոյեմբերի 15-ի։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի ծովային և ներդրումային գործերի նախարար-համակարգողի մամուլի քարտուղար Ջոդի Մահարդիին։ Վերջինիս խոսքով՝ ակնկալվում է, որ որպես ռուսական կողմի ներկայացուցիչ հանդիպմանը ներկա կգտնվի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Ինչպես նշել է Մահարդին, ակնկալվում է նաև, որ G20 գագաթնաժողովի շրջանակներում Պուտինն առցանց կմասնակցի հանդիպումներից մեկին։ Ընդ որում՝ Մահարդին չի մանրամասնել՝ արդյոք համապատասխան որոշումը հաստատվել է Կրեմլի կողմից։

Վերջին շրջանում մի շարք լրատվամիջոցներ գրել են Ռուսաստանի նախագահի կողմից Բալիում G20-ի հանդիպմանը մասնակցելու պլանների բացակայության մասին, մինչդեռ Կրեմլը դեռ պաշտոնապես չի հայտնել՝ ներկա կգտնվի արդյոք Պուտինը գագաթնաժողովին, թե ոչ։