Print this page

Դժվար չէ հասկանալ, որ իմպիչմենտի գործընթացի հովանավորը Սերժ Սարգսյանն է․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

By Մայիսի 24, 2025 22

Նախագահ Քոչարյանը խոսել է փաստերի մասին, երբ երրորդ նախագահի թիմից սկսվեցին ինչ որ բաներ շրջանառվել, որոնք իրականության հետ աղերս չունեին, ավելին, շոշափում էին նախագահ Քոչարյանի՝ իբր թե ասված ինչ որ խոսք։ Այս մասին «5–րդ ալիքին» տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է՝ արդյոք հերոսություն է 1 տարի նստելը՝ ի պատասխան Քոչարյանի կողմնակիցների այն դիտարկումներին, որ եթե Նիկոլ Փաշինյանը մերժեց Սերժին, ինչու նստեցրեց Քոչարյանին, Միկոյանը պատասխանեց. «Նախագահ Քոչարյանի կամ իր ընտանիքի կողմից երբեւէ չի ասվել նման բան։ 2018թ.–ին նախագահ Քոչարյանը, շատ լավ իմանալով, որ իրեն կալանավորելու են, վերադարձել է Հայաստան, առերեսվել ամբողջ բռնաճնշումների հետ, կալանավորվել է եւ պայքարել, այսօր մենք ունենք արդյունք եւ քաղաքական առումով ավելի լավ արդյունք ենք ունենալու։ Իսկ նստելը հերոսություն է, հերոսություն չի, շատ արհեստական բերեց մտցվեց՝ հղում անելով կողմնակիցներին, բայց դա հանրային բարձր քաղաքական դիսկուրս պետք չի բերել։ Ավելին՝ նախագահ Քոչարյանը կալանավորվել է ուրիշների արած սխալների հետեւանքով եւ պատճառով։ Կալանքի ընթացքում նախագահ Քոչարյանը նույնիսկ ցուցմունք չի տվել։ Տղամարդիկ սա շատ ավելի լավ կհասկանան, երբ քեզ վրա կա երկարատեւ կալանքի վտանգ ու դու որեւէ ցուցմունք չես տալիս։

Հերոսությունը չգիտեմ ոնց է չափվում, բայց նախագահ Քոչարյանի արածը դա պետական այրի, երկու հայկական պետություներ ղեկավարած մարդու, իր ներքին համոզմունքներից բխող արարք է, որը հերոսության պիտակի կարիք չունի։ Դա պետական այրի պահվածք է։ Մի բան հաստատ գիտենք՝ հերոսություն չի Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվելը, հերոսություն չի Նիկոլ Փաշինյանից փախչելը։ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից որեւէ մարդ ոչ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվել է, ոչ առավել եւս փախչել է»,– ասել է Միկոյանը։

Հարցին՝ ի վերջո ինչ չեն կարողանում կիսել երկու նախագահները, Քոչարյանի գրասենյակի ղեկավարը պատասխանել է, որ ի սկզբանե երկու նախագահները տարբեր են եղել՝ իրենց մոտեցումներով, կառավարման տիպով. «2008թ.–ից սկսած նախագահ Քոչարյանը անդրադարձել է տարբեր թեմաների՝ ֆուտբոլային դիվանագիտությանը, որ տեսանք՝ ինչ եղավ, կարմիր գծերին, արագաչափերին, սահմանադրական փոփոխություններին, տնտեսական բազմաթիվ հարցերի, քննադատել է՝ առաջարկելով լուծումներ։ Մի անգամ չլսեցինք ասեն՝ Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք։ Հաջորդ որեւէ քաղաքական գործընթացում ընտրողներն իրենց գնահատականը կտան»։

Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, Բագրատ Միկոյանը նշել է, որ 3–րդ նախագահի ճեպազրույցից դժվար չէ հասկանալ, որ իմպիչմենտի գործընթացի հովանավորը Սերժ Սարգսյանն է. «Առնվազն տասնյակ անգամ անլուրջ էր 21 թվականին ընտրությունների չգնալը: Ասում են՝ ընտրություններին Նիկոլին չի լինի հաղթել, այսինքն Նապոլեոնին, Կեսարին, Չերչիլին կարելի է հաղթել, Նիկոլին չի՞ կարելի հաղթել, շատ չե՞ք գովում Նիկոլին։ Վիլեն Գաբրիելյանից ավելի «կաթոլի՞կ» են, թիմակից, որն ամբողջ խոհանոցը, ներքին տրամադրությունները գիտի։ Ուզում եք՝ անվստահության գործընթաց, խնդրեմ՝ փողոց, թեկնածու, առաջ, չէ, պատրաստվեք ընտրությունների»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24