Print this page

Էդմոն Մարուքյանը քաղաքականապես վստահություն չի կարող ներշնչել․ Էդգար Ղազարյան

By Մայիսի 19, 2025 13
Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է՝ անկախ քաղաքական վայրիվերումներից, գրում է քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
 
«2021 թվականի փետրվարին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը ղեկավարում է Էդմոն Մարուքյանը ուներ համանուն խմբակցություն Ազգային ժողովում։ Այդ օրերին, երբ փողոցում օր-օրի թափ էր հավաքում Հայրենիքի փրկության շարժումը, որի ղեկավարման և համակարգման մարմնում ընդգրկված էին 17 քաղաքական կուսակցություններ, դրանց թվում չկար «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն Ազգային ժողովում դիրքավորվել էր իբր ընդդիմադիր քաղաքական ուժ։ Այդ օրերին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում բազմաթիվ կուսակցություններ, կազմակերպություններ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին, ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմի մոտ չորս տասնյակ գեներալներ և գնդապետներ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը և այլն։
 
Այդ համընդհանուր ընդվզման ֆոնին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ միայն չնախաձեռնեց Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթաց, այլև դրա ղեկավար Էդմոն Մարուքյանը, ստվերային համաձայնության գնաց Նիկոլ Փաշինյանի հետ, նրա կեղծ հրաժարականից հետո անգամ ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրելով, նպաստեց արհեստականորեն Ազգային ժողովը լուծարման տանելու և Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունն ապահովելու մեքենայությանը։ Այդ գործարքի գինը, իր պարագայում, դարձավ Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակումը՝ 2022 թվականի մարտի 14-ին։ Ընդ որում, նա Հատուկ հանձնարարություններով դեսպան էր յուրահատուկ արտոնություններով․ իր իսկ հավաստմամբ փաստացի ենթարկվում էր ոչ թե ՀՀ արտաքին գործերի նախարարին (ինչը պարտավոր էր անել ի պաշտոնե), այլ ուղիղ ենթարկվում էր Նիկոլ Փաշինյանին, հանձնարարություններ ստանում միայն նրանից և զեկուցում՝ միայն վարչապետին։ Ի դեպ, նրա աշխատասենյակը գտնվել է ոչ թե ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում, այլ՝ վարչապետի նստավայրում։ Այդ ժամանակաշրջանում է ստորագրվել 2022 թվականի հոկտեմբերի 6-ի՝ Արցախն ադրբեջանական տարածք ճանաչելու դավաճանական և ապօրինի հայտարարությունը, որին հաջորդող հայ-ադրբեջանական բանակցություններին Էդմոն Մարուքյանը ցուցաբերել է ուղիղ ներգրավվածություն ու մասնակցություն։
 
Ավելի ուշ՝ Էդմոն Մարուքյանը, 2024 թվականի մարտի 4-ին (Արցախն ամբողջությամբ Ադրբեջանին հանձնելուց և հայաթափելուց երկար ժամանակ հետո), Էդմոն Մարուքյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, այն էլ ոչ թե գաղափարական տարակարծությունների և հրաժարական պատճառով, այլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, մինչ այդ տևական ժամանակ որևէ հանձնարարություն չստանալով Նիկոլ Փաշինյանից և որևէ աշխատանք չկատարելով վարձատրություն ստանալուց հետո։
Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու «Արթուն ենք» շարժման նախաձեռնությունից հետո՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից և կուսակցությունից ոչ գաղափարական հարցերի շուրջ տարակարծությունների պատճառով հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի կողմից Էդմոն Մարուքյանը, ով 2021 թվականին ինքը չի ցանկացել անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին, առաջադրվել է նրան անվստահություն հայտնելու գործընթացի վարչապետի թեկնածու։
 
Չնայած գործընթացի օրինական և տրամաբանական բնույթին, այնուամենայնիվ, կարծում եմ, որ նա չափազանց վտանգավոր կերպար է, քաղաքականապես վստահություն չի կարող ներշնչել, ուստի, կարծում եմ, որ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ոչ թե պետք է միանան Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի նախաձեռնությանը, այլև իրենք, սեփական թեկնածու առաջադրելով, սկսեն նոր նախաձեռնություն՝ ակնկալելով Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի աջակցությունը, եթե նրանց նպատակներն իսկապես ազնիվ են և ցանկանում են զբաղեցրած պաշտոնից հեռացնել Նիկոլ Փաշինյանին։
 
Մի բան այլևս հստակ է և պարզ․ իմպիչմենտի գործընթացը, չնայած իշխանական և ընդդիմադիր մի շարք պատգամավորների սկզբնական շրջանի դիմադրությանը, դա անլուրջ և անիրատեսական որակումներին, դարձել է ներքաղաքական կյանքի գլխավոր օրակարգային հարցը, այն օր-օրի նոր թափ է հավաքում, ունենում է հետաքրքիր զարգացումներ և դրսևորումներ, որոնց հանգուցալուծը լինելու դրա իրականացումը։ Դա Նիկոլ Փաշինյանի պաշտոնից հեռացնելու ոչ միայն միակ, այլև սահմանադրական և օրինական ճանապարհ է, որը, վստահ եմ, ունենալու է հանրային մեծ աջակցություն և հաջող վերջաբան»,– գրել է Ղազարյանը։
Rate this item
(0 votes)

Latest from Live24