Print this page

Զելենսկին ստացե՞լ է այն անվտանգության երաշխիքները, որոնք պահանջում էր․ Հակոբ Բադալյան

By Մայիսի 01, 2025 31

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ և Ուկրաինան Վաշինգտոնում ստորագրել են հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիրը, որով ստեղծվում է տնտեսական ներդրումային հիմնադրամ՝ Ուկրաինայի վերականգնման համար, որն էլ հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին հասանելիություն ունենալ հանածոներին:

Ըստ էության, Ուկրաինայի վերականգննումն իհարկե Կիևի ներքին սպառման համար է, քանի որ Վաշինգտոնին իհարկե հետաքրքրելու է գերազանցապես իր հասանելիությունը հանածոներին:

Զելենսկին ստացե՞լ է այն անվտանգության երաշխիքները, որոնք պահանջում էր հանածոների համաձայնագրի դիմաց: Համենայն դեպս դրա մասին չկա որեւէ խոսք: Փոխարենը Թրամպը խոսում է այն մասին, որ հանածոների գոտիներում ԱՄՆ տնօրինությունը թույլ չի տա որեւէ մեկին սպառնալ այդ գոտիներին: Այլ կերպ ասած, Թրամպը ներկայացրել է հետևյալ բանաձևը՝ մենք կպաշտպանենք այն, ինչ մերն է, այն տնտեսական օգուտը, որ ունենք մենք:

Ըստ էության ստացվում է, որ այդ համաձայյնագրով Թրամպը պարզապես երկարաժամկետ առարկայացնում է ուկրաինական պատերազմի էֆեկտը ԱՄՆ համար: Եթե մինչ այդ դրա հիմնական էֆեկտը ռազմաարդյունաբերական էր, ապա այժմ ըստ էության այն դառնում է հանքարդյունաբերական եւ դրանից բխող տնտեսական էֆեկտ:

Միարժեք դժվար է ասել, թե համաձայնագիրն արդյո՞ք մոտեցնում է պատերազմի դադարը: Ակնառու է, որ Թրամպը համաձայնագրի հավանությունը ստացավ սպառնալքով դուրս գալ ուկրաինական գործընթացից: Կիևի համար դա կլիներ իսկապես մահացու: Սպառնալիքը աշխատեց, բայց ինչ տրամաբանությամբ եւ քաղաքական ինչ էֆեկտիվությամբ, սա դեռ իհարկե հարց է:

Մյուս կողմից, եթե պատերազմը չդադարի, ապա բնականաբար գործնական առումով չի լինի հասանելիություն մետաղներին, որին ձգտում է ԱՄՆ: Հնարավոր է, որ Թրամպը այս փուլում պարզապես ամրագրեց իրավունքը, որպես նվազագույն արդյունք: Ավելին, դա կարող է ներկայացվել ամերիկյան հանրությանը, այն պարագայում, երբ պատերազմը դադարեցնելու խոստումը կարծես թե բախվում է դժվարությունների: Այդ դեպքում ուկրաինական ուղղությամբ ինչ որ արդյունք ներկայացնելը Թրամպի համար շատ կարևոր է և հանածոների համաձայնագիրն իհարկե ունի նաեւ այդ նշանակությունը»:

Rate this item
(0 votes)

Latest from Live24