Print this page

Հուքերի այցը Ծիծեռնակաբերդ եղել է անձնական․ ԱՄՆ-ն չի եղել այցի պաշտոնական շրջանակով շահագրգռված

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Մեր շատ հայրենակիցների զայրացրել կամ հետաքրքրել է փաստը, որ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերի տեղակալ Ալիս Հուքերը Հայաստան այցի ընթացքում Ծիծեռնակաբերդի Եղեռնի զոհերի ուշահամալիր է այցելել առանց Հայաստանի որեւէ պաշտոնյայի ուղեկցության:

Չեմ տիրապետում մանրամասներին, սակայն կարծում եմ, որ խնդիրն այն չէ, թե պաշտոնական Երեւանը խուսափել է նրա հետ այսպես ասած ուղեկցող պաշտոնյայի ներկայությունից: Համենայն դեպս, այս ընթացքում եղել են հուշահամալիր այցելող պաշտոնյաներ, որոնց ուղեկցել է Հայաստանի որեւէ պաշտոնյա:

Պետք է հասկանալ, թե ի՞նչ կարգավիճակով է Հուքերը այցելել Ծիծեռնակաբերդ: Ենթադրում եմ, որ խոսքը զուտ անձնական այցի մասին է: Այդ պարագայում, ուղեկցող պաշտոնյայի ներկայությունը ոչ թե արարողակարգի պահանջ է, այլ կարող է լինել ընդամենը այցելուի ցանկություն: Այսինքն, եթե ԱՄՆ պետքարտուղարը ցանկանար, որ նրան ուղեկցեր որեւէ հայաստանցի պաշտոնյա, այսինքն՝ ԱԳՆ որեւէ փոխնախարար կամ վարչության պետ, ապա չեմ կարծում, թե պաշտոնական Երեւանը հրաժարվեր կամ խուսափեր ԱՄՆ պաշտոնյայի այդ ցանկությանն ընդառաջելուց:

Եվ այստեղ թերեւս կա փոքրիկ ինտրիգ՝ իսկ հնարավո՞ր է, որ հենց ամերիկացի պաշտոնյան չի ցանկացել, որ լինի ուղեկցող, այլ կերպ ասած՝ Ծիծեռնակաբերդ այցը ստանա որոշակի այսպես ասած պաշտոնական շրջանակ: Համենայն դեպս, ես կդիտարկեի նաեւ այս վարկածը:

Ի դեպ, երբ դիտարկում ենք Ծիծեռնակաբերդ այցի մասին ԱՄՆ դեսպանատան տարածած լուսանկարները, դրանցում չկա նաեւ ԱՄՆ դեսպանը: Այսինքն, տպավորություն է, որ Հուքերին Ծիծեռնակաբերդ այցի ընթացքում չի ուղեկցել նաեւ ԱՄՆ դեսպանը, կամ համենայն դեպս նրան «խնամքով» դուրս են թողել լուսանկարներից:

Սա թերեւս եւս մեկ անգամ հաստատում է վարկածը, որ Հուքերի այցը Ծիծեռնակաբերդ եղել է զուտ անձնական, ամերիկյան կողմը չի եղել այցի պաշտոնական շրջանակով շահագրգռված:

Սրանից էլ կարող եմ եզրակացնել, որ հենց ամերիկյան կողմն է խուսափել այնպիսի անտուրաժից, որը կարող էր դուր չգալ Անկարային: Իսկ անձնական բնույթի այցն էլ եղել է հայերին դուր գալու համար:

Սա չեմ ասում, որպեսի մեղադրանքներից պաշտպանեմ պաշտոնական Երեւանին: Հայ-թուրքական հարցում, ցեղասպանության հարցում Երեւանի մոտեցումները արտահայտվել են բավականին բաց եւ ես ինքս բազմիցս ընդդիմախոսել եմ այդ դիրքորոշումների հանդեպ: Հարցը այստեղ իհարկե կոնկրետ իրավիճակը, կոնկրետ դրվագը հնարավորինս ամբողջական դիտարկելն ու հասկանալն է, որպեսզի ոչինչ չլինի ինքնանպատակ, ու նաեւ հասկանալի լինի, թե օրինակ ինչ մղումներ կարող են լինել ամերիկյան կողմում»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24