Հայաստան կատարելիք այցի ընթացքում կքննարկենք հյուսիս-հարավ միջանցքի հարցը, իսկ նչ վերաբերում է արևելք-արևմուտք ուղուն, ապա այն ևս բնականորեն կդառնա հարմարավետ հարթակ՝ այս ուղղությամբ առևտրային ճանապարհի զարգացման համար. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Գոյություն ունեցող մտահոգությունը կապված է ամերիկյան ընկերությունների ներկայության հետ տարածաշրջանում։ Վախերը պայմանավորված են նրանով, որ այս ընկերությունները սովորաբար ներկայանում են որպես սովորական ընկերություններ, սակայն հետագայում կարող են զբաղվել այլ գործունեությամբ։ Մենք քննարկումներ կունենանք առկա մտահոգությունների և անհանգստությունների շուրջ», - նշել է նա:
Ըստ Mehr գործակալության՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը և Հայաստանը ունեն պատմական և ռազմավարական հարաբերություններ և միշտ համագործակցել են:
«Այս այցի ընթացքում մենք կքննարկենք տնտեսական և մշակութային համագործակցության ամրապնդումը, ինչը կնպաստի համատեղ զարգացմանը։ Կան մտահոգություններ ամերիկյան ընկերությունների տարածաշրջանային ներկայության վերաբերյալ, որոնք ևս ընդգրկվելու են այս այցի օրակարգում։ Տեխնիկա-ինժեներական, շինարարական, հանքարդյունաբերական, արվեստի և տուրիզմի ոլորտներում պատրաստվել են կարևոր համագործակցության փաստաթղթեր, որոնք կնքվելու են։ Այս հարաբերությունները անկասկած կշարունակեն ընդլայնվել ապագայում», - նշել է նա: