Print this page

Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկը պահպանվում է. Մարկո Ռուբիո

By Մայիսի 21, 2025 91

Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Միացյալ Նահանգները փորձում է կանխել դա։ Այսօր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ 

«Մեր հիմնական խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումն է։ Այնտեղ հակամարտության իրական ռիսկ կա, որը մենք փորձում ենք կանխել»,- ասել է նա։ 

Ռուբիոյի խոսքով՝ Վաշինգտոնը ոչ միայն փորձում է կանխել զինված միջամտությունը, այլև զբաղվում է Ադրբեջանում բանտարկյալների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:

«Իրականությունն այն է, որ մենք ստիպված ենք գործ ունենալ այնպիսի երկրների հետ, որոնք շատ դեպքերում իդեալական մոդել չունեն, բայց մենք պետք է նրանց հետ գործ ունենանք մեր ազգային շահերի համար, և մենք պետք է կարողանանք հավասարակշռել այդ ամենը՝ մեր ազգային շահերն ու դիվանագիտությունը»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ մարտին քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հեռախոսազրույցը, ասել էր, թե պետք չէ ակնկալել, որ Վաշինգտոնն ակտիվություն կդրսևորի հայ-ադրբեջանական բանակցություններում։

Քաղաքագետի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները բալանսավորող և զսպող գործոն էր հանդիսանում Հարավային Կովկասում իր ներկայությամբ, փափուկ ուժի առկայությամբ, ՆԱՏՕ-ում ծանրակշիռ դերակատարությամբ, Ռուսաստանի հետ մրցակցությամբ: Հիմա բոլոր այս գործոնները չկան, և ԱՄՆ-ն նոր գործիքակազմ պետք է մշակի ազդեցության պահպանման և բալանսավորման համար։

Rate this item
(0 votes)

Latest from Live24