Print this page

Ովքեր են Հայրենական մեծ պատերազմի հայ մարշալները

By Մայիսի 09, 2025 30

Հայաստանի գրեթե ամեն հինգերորդ բնակիչ մեկնել է ռազմաճակատ: Պատերազմի ամբողջ ընթացքում խորհրդային բանակ է զորակոչվել ավելի քան 300 հազար զինվոր ՀԽՍՀ-ից, իսկ ազգությամբ 200 հազար հայեր էլ ռազմաճակատ են զորակոչվել խորհրդային այլ հանրապետություններից:

Հայաստանը նախկին ԽՍՀՄ-ում փոքր հանրապետություն էր, բայց դա չխանգարեց մեծ ներդրում ունենալ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում։ 99 հերոսների շարքում մենք 4 մարշալ ու 1 ծովակալ ունեինք, բոլորն էլ` ծագումով Արցախից։

Sputnik Արմենիան պատմում է Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց), Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյանի) և Սերգեյ Ագանովի (Օհանյան) մասին։ 

Հովհաննես Բաղրամյան

Հովհաննես Բաղրամյանը ծնվել էր Չարդախլու գյուղում։ Անդրկովկասյան թուրքերը հնուց հարձակումների էին ենթարկում այդ հայկական գյուղը։ Թշնամական միջավայրում պետք էր գոյատևել, այդ պատճառով տղաներին փոքր տարիքից սովորեցնում էին` պետք է պաշտպանեն իրենց ընտանիքն ու իրենց ժողովրդին։

Մի օր 14–ամյա Բաղրամյանը կռվեց հարևան գյուղի տղամարդկանցից մեկի հետ, որը գերազանցում էր թե՛ տարիքով, թե՛ կազմվածքով։ Եվ նա չընկրկեց այդ մարտի ընթացքում, թեև շատ կապտուկներ ստացավ։ Տարեցները հետո սկսեցին կատակել, որ «հենց այդ կռվի շնորհիվ նա դարձավ Խորհրդային Միության կրկնակի հերոս»։ 

Համազասպ Բաբաջանյան

Չարդախլու գյուղից էր նաև մարշալ Համազասպ Բաբաջանյանը։ Սա անհավանական բան է, քանի որ աշխարհում չկա որևէ բնակավայր, նույնիսկ խոշոր քաղաք, որը երկու մարշալ տված լինի։ Այդ պատճառով գյուղն անվանում էին «մարշալական»։
Չարդախլուի բնակիչները, կարելի է ասել, պաշտում էին մարշալ Բաբաջանյանին, որին «քյալագյոզ» էին անվանում։ Թեև դա Բաբաջանյանի միակ մականունը չէ. հայտնի էր, որ գերմանացիները նրան «Սև հովազ» էին անվանում արագության ու խիզախության համար։ Գյուղում գիտեին, որ Բաբաջանյանի բոլոր ողերը կոտրած էին։ Նա տեղափոխվում էր տանկով` մինչև գոտկատեղը փողանցքից դուրս եկած։ 

Սերգեյ Խուդյակով

Սերգեյ Խուդյակովի (նույն ինքը Արմենակ Խանփերյանց) կյանքը լի էր հակասություններով ու անարդար մեղադրանքներով։ Ճիշտ է՝ նրան լիովին արդարացրին, բայց արդեն հետմահու. ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության որոշմամբ 1965 թվականի հուլիսի 6-ի հրահանգով դատարանի որոշմամբ արդարացված Խուդյակովի ավիացիայի մարշալի զինվորական կոչումը վերականգնեցին, ինչպես նաև վերականգնեցին բոլոր պարգևները։

1945թ-ին Խանփերյանցը մասնակցեց Յալթայի գիտաժողովին. Ստալինը նրան իր հետ էր տանում որպես խորհրդական` ճկուն խելքի և ցանկացած իրավիճակից դուրս գալու յուրահատուկ ընդունակության համար: Հատկանշական է, որ և՛ Ռուզվելտը, և՛ Չերչիլը բարձր էին գնահատում Խանփերյանցի հմտությունը ավիացիայի հարցերում, ընդ որում` այն աստիճան, որ Ռուզվելտն անձամբ նրան նոր սպորտային ինքնաթիռ նվիրեց, որը, բնականաբար, միանգամից հանձնվեց պետությանը։ 

Իվան Իսակով

Իոսիֆ Ստալինը 42 անգամ հանդիպել է Իվան Իսակովի (Հովհաննես Տեր-Իսահակյան) հետ։ Պատերազմից հետո Ստալինը ցանկանում էր Իսակովին վերանշանակել ԽՍՀՄ ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում։ Իսակովը պատասխանեց. «Ընկեր Ստալին, ես զրկվել եմ մի ոտքից, այսպիսի վիճակում դժվար է նավի վրա գտնվելը։ Ստալինն իր հերթին ասաց. «Ավելի լավ է՝ շտաբի պետի պաշտոնում լինի մարդ առանց ոտքի, բայց գլխով, քան երկու ոտքով, բայց առանց ուղեղի։ Պետք չէ շնորհակալություն հայտնել, մենք հավատում ենք ձեզ»։ 

Սերգեյ Ագանով

Ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանովը (Օհանյան) միայն 1980 թվականին ուսադիրներ ստացավ, թեև անցավ ամբողջ պատերազմի միջով՝ սկսելով սակրավորային վաշտի հրամանատարի պաշտոնից։

Ռազմական զեկույցները վկայում են, որ Ագանովը խիզախություն է դրսևորել նույնիսկ թշնամու ականանետային ու հրաձգային ինտենսիվ կրակի տակ աշխատելիս։
Պատերազմից հետո սկսեց դասավանդել պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններում, նշանակվեց ինժեներական զորքերի ղեկավար։

Նա նաև առանձնահատուկ ներդրում ունեցավ Չեռնոբիլի վթարի հետևանքների վերացման միջոցառումների մշակման և իրականացման գործում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24