Print this page

Շենգավիթի թաղապետարանի 2 աշխատակից կալանավորված են․ մեղադրվում են կաշառք վերցնելու համար

By Հունիսի 02, 2025 85

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի երկու պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու հոդվածով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մի շարք մանրամասներ են պարզվել։

Մեղադրվող անձինք թաղապատերանի բաժիններից մեկում զբաղեցրել են առաջատար մասնագետների պաշտոնը։ Տեղյակ լինելով այն մասին, որ զվարճանքի կենտրոններից մեկը գիշերային ժամերին աշխատելու թույլտվություն չունի ու չի վճարել 1 մլն ՀՀ դրամի չափով տեղական տուրքը, կաշառք են ուզել տվյալ կենտրոնից՝ հովանավորչության և ապօրինի անգործության համար։ Մասնավորաբար, նրանք որևէ միջոց չեն ձեռնարկել իրավախախտումն արձանագրելու համար, ավելին՝ 1 տարվա ընթացքում զվարճանքի կենտրոնի աշխատանքին չխոչընդոտելու համար 2025 թվականի ապրիլի 15-ին կենտրոնի ներկայացուցչից պահանջել են 600.000 ՀՀ դրամ կաշառք:

«Կաշառք ստանալու և կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողության արդյունքում հիշյալ աշխատակիցներից մեկը ձերբակալվել է 600.000 ՀՀ դրամ կաշառքը ստանալու պահին։

Երկու աշխատակիցներին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի (կաշառք ստանալ) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ապրիլի 19-ին հայտնել էինք, որ ԱԱԾ աշխատակիցները ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության ծառայողների հետ Շենգավիթի թաղապետարանում մոտ 1.5 ժամ գործողություններ են կատարել, որից հետո թաղապետարանի 2 պաշտոնյայի տեղափոխել են ԱԱԾ։

Rate this item
(0 votes)

Latest from Live24