Print this page

Կարկտապաշտպան ցանցերի ներդրումն առավել հասանելի կդառնա

By Մայիսի 15, 2025 30

Կառավարությունը որոշում է ընդունել, որը կնպաստի ինտենսիվ այգեհիմնմանը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, այգեհիմնման և ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման գործընթացում ռիսկերի կառավարմանը:

Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության ծրագրերի շրջանակում 2025 թվականի մարտի 1-ի դրությամբ կնքվել է շուրջ 7730 հա-ի այգեհիմնման հայտ, փաստացի հիմնվել է շուրջ 3300 հա ինտենսիվ այգի:

Ծրագրի իրականացման ընթացքում խոշոր ներդրումների դեպքում որոշակի խնդիր է առաջացել մեկ կապալառուի միջոցով աշխատանքները իրականացնելու հետ կապված, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել կապալառուին ներկայացվող պահանջները և խթանել կարկտապաշտպան ցանցերի ներդրումը։ 

Կարգավորման նպատակը կարկտապաշտպան ցանցերի ներդրումը առավել հասանելի դարձնելն է, ինչպես նաև շահառուի և կապալառուի հարաբերությունների, շահառուին ներկայացվող պահանջների հստակեցումը։

Որոշմամբ փոխհատուցման բաղադրիչով նախատեսվել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման աջակցություն բոլոր բնակավայրերի համար։ Կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերի համար փոխհատուցման չափը թողնվել է անփոփոխ՝ 75%, իսկ այլ բնակավայրերի համար սահմանվել է 50 %։

Միաժամանակ, որոշմամբ սահմանվում է, որ ծրագրի շրջանակում 10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման դեպքում շահառուն (միայն իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ համայնք) կարող է ծրագիրը իրականացնել տարբեր (մեկից ավելի) կապալառու կազմակերպությունների միջոցով՝ պայմանագրեր կնքելով մի քանի կապալառուների հետ, իսկ անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը կարող է իրականացվել ինչպես շահառուի, այնպես էլ կապալառուի կողմից, հաշվի առնելով, որ խոշոր ներդրումների դեպքում կապալառու կազմակերպության միջոցով անհրաժեշտ միջոցների ձեռքբերումը հանգեցնում է հավելյալ մեծ ծախսերի։ Նույն մոտեցումը կիրառվել է նաև Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում։

10 հա և ավելի տարածքում ծրագրի իրականացման կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման համար շահառուի կողմից անհրաժեշտ միջոցների ձեռքբերման կամ տարբեր (մեկից ավելի) կապալառուների հետ պայմանագրերի կնքման դեպքերում՝ շահառուն աշխատանքների ավարտից հետո պետք է ներկայացնի «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված, շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվի ծրագրի շրջանակում կատարված ծախսերը ֆինանսական հաշվետվություններում։

Rate this item
(0 votes)

Latest from Live24