Կապանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանումներ է տվել օրերս մամուլում մեծ աղմուկ բարձրացրած այն հարցի շուրջ, ըստ որի Կապանի համայնքապետարանը թույլ չի տվել «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի ցուցադրության համար տրամադրել Մշակույթի տունը: Հաղորդագրության մեջ նշվում է՝
«Սիրելի՛ կապանցիներ, համացանցում երեկվանից ակտիվ կերպով տեղեկություններ են շրջանառվում այն մասին, թե իբր «Կապանի քաղաքապետարանը հրաժարվել է «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրելու համար տրամադրել մշակույթի տան տարածքը․․․» և այլն։
Հաշվի առնելով տարածված լուրերի հանդեպ հանրային հետաքրքրությունն ու արձագանքը՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Կապանի համայնքապետարանի կողմից ներկայացվել է հիմնավորված առաջարկ՝ ֆիլմի ցուցադրությունն իրականացնել Կապանի «Սյունիք» կինոթատրոնում, որը, տևական դադարից հետո, համայնքի ղեկավարի գործուն ջանքերի շնորհիվ կրկին վերաբացվել է՝ դառնալով համայնքապատկան կառույց, հագեցած ժամանակակից, նորագույն տեխնիկայով և նախատեսված բարձրորակ կինոցուցադրությունների համար։
Կապան համայնքը, ի տարբերություն Հայաստանի բազմաթիվ այլ քաղաքների, ունի մասնագիտացված կինոթատրոն, ինչը կապանցիներին ընձեռում է այն բացառիկ հնարավորությունը, որն այսօր շատ համայնքներում պարզապես հասանելի չէ։
Հետևաբար, համայնքապետարանը առաջնորդվելով կապանցիների լավագույն շահերով, նպատակահարմար է համարում, որ ֆիլմերի ցուցադրությունները կազմակերպվեն ոչ թե չհարմարեցված կամ այդ նպատակով չնախատեսված դահլիճներում, այլ բացառապես մասնագիտացված, ֆիլմերի բարձր որակով ցուցադրման համար տեխնիկապես կահավորված կինոթատրոնում»։
Հ․Գ․Իսկ ինչ վերաբերում է արժեքներին և բարոյականությանը, ապա եթե «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի արտադրողները կամ կազմակերպիչները չեն հետապնդում շահույթ ստանալու նպատակ, համայնքապետարանը պատրաստակամ է ֆիլմի անվճար ցուցադրման պարագայում, կինոթատրոնի դահլիճը տրամադրել անվճար՝ անհրաժեշտ ժամանակահատվածով»։