Print this page

Հnւթիները գործում են Իրանի հովանավորությամբ. Թեհրանին հստակ ազդանշան ենք ուղարկելու, որ մենք դա չենք հանդուրժի. Նեթանյահու

By Մայիսի 05, 2025 37

Իսրայելը կարծում է, որ Իրանն է կանգնած Եմենի հութի ապստամբների՝ «Անսար Ալլահ» շարժման գործողությունների հետևում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Մեկնաբանելով երեկ հութիների կողմից Թել Ավիվի «Բեն Գուրիոն» միջազգային օդանավակայանի գնդակոծությունը՝ նա խոստացել է հզոր պատասխան տալ և վստահեցրել է, որ իր երկիրը «հստակ ազդանշան» կուղարկի Թեհրանին։

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Նեթանյահուն հայտարարել է այցով Երուսաղեմ ժամանած Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ հանդիպմանը։ Իսրայելի կառավարության ղեկավարի հայտարարությունները տարածել է նրա գրասենյակը։

«Ինչ վերաբերում է առևտրային ուղիներին (նկատի ունի նավարկությունը Կարմիր ծովով-Խմբ.), ապա ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Իսրայելը, վտանգված է հութիների կողմից։ Այսօր նրանք ստոր հարձակում են իրականացրել «Բեն Գուրիոն» օդանավակայանի մոտ։ Մենք դա չենք հանդուրժի և շատ կոշտ հակաքայլեր կձեռնարկենք։ Մենք միշտ կհիշենք, որ նրանք գործում են իրենց հովանավորի՝ Իրանի հրահանգով և աջակցությամբ։ Մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ ապահովելու մեր անվտանգությունը, արդյունավետ արձագանքելու և Իրանին հստակ ազդանշան ուղարկելու համար, որ մենք դա չենք հանդուրժի»,- ասել է Նեթանյահուն։

Մայիսի 4-ի առավոտյան Իսրայելի բանակը Եմենի տարածքից հրթիռակոծություն է արձանագրել, որի հետևանքով օդային հարձակման նախազգուշացում է հայտարարվել կենտրոնական Իսրայելի բազմաթիվ շրջաններում, ներառյալ Թել Ավիվը:

Դրանից հետո հրթիռի բեկորներն ընկել են «Բեն Գուրիոն»  միջազգային օդանավակայանի մոտ: 

Rate this item
(0 votes)

Latest from Live24