Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խստորեն քննադատել է Եվրահանձնաժողովի հայտարարությունը Սերբիայի համար հնարավոր «հետևանքների» մասին, եթե նախագահ Ալեքսանդր Վուչիչը ներկա լինի Մոսկվայի Հաղթանակի շքերթին:
Զախարովան ի պատասխան ասել է, որ նման հռետորաբանությունը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, որոնց հղում է անում Բրյուսելը:
«Եթե Եվրահանձնաժողովը հարգում է ժողովրդավարությունը, ապա պետք է հարգի նաև ժողովրդի ընտրությունը։ Ոչ թե դիմել պարտադրանքի, որից ինքը հրապարակավ հրաժարվում է»,- գրել է նա Telegram-ում։
Նա նաև Բրյուսելի գործողությունները համեմատել է հանցավոր կառույցների վարքագծի հետ։
«Ի՞նչ «սև նշաններ» է Արևմուտքը բաժանում նախազգուշացումների տեսքով։ Այդպես էին գործում ծովահենները, մաֆիան, շանտաժիստներն ու ահաբեկչական խմբավորումները։ Լավ Եվրոպական հանձնաժողով է, որը հանցագործների մեթոդներն է օգտագործում։ Եթե նրանք արդեն հիմա են այդպես խոսում թեկնածուների հետ, ի՞նչ է լինելու հետո, երբ պետությունը նրանց լիակատար իշխանության տակ հայտնվի»,-ընդգծել է Զախարովան։
2025 թվականին Ռուսաստանը նշում է Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակը։ Սպասվում է, որ Հաղթանակի շքերթի կապակցությամբ Մոսկվա կմեկնեն Չինաստանի, Վենեսուելայի, Բրազիլիայի, Սերբիայի, Սլովակիայի առաջնորդները, ինչպես նաև ԱՊՀ երկրների և Ասիայի մի շարք երկրների ղեկավարները: