Print this page

Ընդդիմությունը նոր բան չի արել, ընդամենը բերել է հայտարարություն, որն այս անգամ կնքել են Գալստանյանի անունով․ Արշակյան

By Հունիսի 12, 2024 126

Ընդդիմությունն ասում է, որ ամսի 17֊ին ժամը 18։30 ԱԺ արտահերթ նիստն իրավունքի ուժով իրագործվելու է. մնում է, որ Քաղաքացիական պայմանագիրն ունենա կամք և գա այդ նիստին։ Չի ասում, որ ունենա կամք ու չգա այդ նիստին, ի՞նչ է լինելու։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ շարունակելով․

«Մի կողմ թողնենք այն, որ ընդդիմությունը որևէ նոր բան չի արել. ընդամենը բերել է մի հայտարարություն, որի մեջ փորձել են ամփոփել տարիներ շարունակ ելույթներով, հանրահավաքներով, բողոքի ակցիաներով արտահայտած իրենց ասելիքը։ Միակ տարբերությունն այն է, որ այդ ասելիքն այժմ էլ անվանափոխել և կնքել են Գալստանյանի անունով, իսկ նման հայտարարության ընդունումը կամ չընդունումը որևէ իրավական հետևանք չունի։

Շատ ավելի կարևոր է այն, որ ԱԺ որևէ հայտարարություն ընդունելու համար անհրաժեշտ ձայներ ապահովելու համար պետք է նախ ապահովել նիստի քվորումը, որը 54 պատգամավորի ներկայություն է պահանջում, իսկ այս պահին ներկայացված հայտարարության տակ կա ընդամենը 33 ստորագրություն... Էլ չեմ խոսում քվեարկության անհրաժեշտության մասին։

Սա նույնն է, ինչ ընդդիմությունն ասեր, թե իրենք անվստահություն են հայտնում կառավարությանը, և դրա համար պետք է, որ իշխող քաղաքական մեծամասնությունը միանա իրենց և անվստահություն հայտնի իր իսկ ձևավորած կառավարությանը։

Համաձայնեք, որ սա ծիծաղելի է։

Ամփոփելով` ցանկանում եմ Գալստանյանին տեղեկացնել, որ ԱԺ հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թ. ամռանը, իսկ մինչ այդ պետք է կուսակցություն գրանցել կամ համալրել որևէ կուսակցության շարքերը, կազմել նախընտրական ցուցակ, գրել նախընտրական ծրագիր և պատրաստվել ընտրապայքարի։

Ի դեպ Կանադայի անձնագրի հետ էլ հավանաբար մի բան պիտի արվի, կամ գուցե ճշտեք Կանադայի ընտրությունների ժամկետներն ու ընթացակարգերը»։

Rate this item
(0 votes)

Latest from Live24