Իտալիան կարող է ԱՄՆ-ին իր տարածքում ռազմական բազաներ տրամադրել, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշի միանալ Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը: Այս մասին հաղորդել է La Repubblica թերթը՝ հղում կատարելով Իտալիայի կառավարության աղբյուրներին, նշելով, որ մինչ այժմ գործընկերներից նման խնդրանք չի ստացվել:
Ինչպես նշել է պարբերականը, Հռոմը զգուշություն եւ խոհեմություն է ցուցաբերում, քանի որ Իրաքում եւ Լիբանանում տեղակայված է իտալական զորախումբ, որը կարող է սպառնալիքի տակ լինել Իրանի կողմից Իսրայելին աջակցություն ցուցաբերելու մասին նախազգուշացման ֆոնին, որ այլ պետությունների բազաները կթիրախավորվեն։
Միաժամանակ, թերթը նշել է, որ նույնիսկ եթե վերջնական որոշումը Հռոմինն է, Իտալիայի կառավարությունը չի կարողանա մերժել Վաշինգտոնին: Այս դեպքում խոսքը Ավիանոյի, Վիչենցեի, Նեապոլի եւ Սիգոնելայի (Սիցիլիա կղզում) գտնվող ՆԱՏՕ բազաների մասին է: Կանադայում G7-ի գագաթաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին խուսափել էր պատասխանել բազաների հնարավոր օգտագործման վերաբերյալ հարցին։
«Մենք կգնահատենք իրավիճակը, երբ ժամանակը գա։ Նման որոշումները չեն կայացվում միանգամից»,- սահմանափակել էր նա։ Ինչպես գրել է La Repubblica-ն, ամեն դեպքում Հռոմը հույս ունի, որ ԱՄՆ-ը հիմնականում կօգտագործի տարածաշրջանային բազաները Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում, Բահրեյնում։