Փորձ են անում ներկայացնել, թե մենք պայքարում ենք եկեղեցու դեմ, իրականում մենք կանգնել ենք եկեղեցու սրբության սրբոցը՝ նվիրապետությունը պաշտպանելու դիրքերում։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այսօր այլ բան չենք անում, քան եկեղեցու 356 թվականի Աշտիշատի ժողովով հաստատված նվիրապետությունը պաշտպանելն է։ Աշտիշատի ժողովում սահմանվեց, որ եկեղեցու վերնախավը պետք է լինի կուսակրոն։ Ինչո՞ւ։ Առաջինը՝ դավանաբանական հիմնավորումներով, որովհետև եկեղեցու ծառաները՝ ամենանվիրված և հավատարիմ ծառաները, պետք է մոռանան անձնական կյանքի մասին, պետք է մոռանան ամուսնության մասին և պետք է «ամուսնանան» եկեղեցու հետ և ոչ որևէ այլ բանի մեջ», – ասաց նա։
Ըստ նրա՝ հենց այս նվիրապետության շնորհիվ է նաև որ պետք է երաշխավորվեր եկեղեցու բարոյական գաղափարախոսական և նյութական անվտանգությունն այդ թվում:
«Այս որոշման տրամաբանության մեջ նաև այն էր, որ եկեղեցու ունեցվածքի նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ժառանգական իրավունքներ չծագեն, որովհետև Ամենայն հայոց Կաթողիկոսը Հայ Առաքելական Եկեղեցու գույքի տերն է երկրի վրա: Եթե Կաթողիկոսն ունի ժառանգներ այստեղ անխուսափելիորեն ծագում է ժառանգական ուխտը: Այսօր մենք հետևյալ պատկերն ունենք՝ «մոմի գործի նայողը» Կտրիճ Ներսիսյանի եղբոր տղան է, ամենամեծ թեմի առաջնորդը Կտրիճ Ներսիսյանի եղբայրն է, էն մյուս թեմի առաջնորդն իր քրոջ որդին է և այսպես շարունակ: Հայ Առաքելական Եկեղեցին բռնազավթված է մի կլանի կողմից, և մենք ոչ թե եկեղեցու դեմ են պայքարում, այլ՝ եկեղեցու նվիրապետության համար:
Վարչապետն իր խոսքում նշեց. «Մարդիկ, ովքեր խոսում են այս իրավիճակի պաշտպանության մասին, նրանք քար առ քար քանդում են Հայ Առաքելական Եկեղեցին, նրա նվիրապետությունը, պատմությունը, արժեքը։ Քանդել են, հիմա վերջին ավերակներն են ուզում տան, և դա մենք թույլ չենք տալու։ Ես ասում եմ՝ մարդ, որ ինքս ունեմ հոգևոր զգացմունքներ»: