«Փաստ» օրաթերթը գրում է.
Հուլիսի 1-ին ավարտվեց միասնական քննությունների հայտագրման և քննությունների անցկացման երրորդ և մասնագիտության հայտագրման երկրորդ փուլը:
Ըստ էության, մնացել է մասնագիտությունների հայտագրման երրորդ (լրացուցիչ) փուլը, որի ժամանակ հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված, բայց միասնական քննություններից դրական գնահատականներ ունեցող դիմորդները կարող են հայտագրել մեկ կամ ավելի բուհի մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտությունների գծով առկա լինեն թափուր տեղեր: Քննությունների ընդհանուր նախնական ցուցանիշները վերլուծելու առիթ դեռ կլինի: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, այս տարի ևս մի շարք բուհերում կլինեն ոչ քիչ թափուր տեղեր:
Միևնույն ժամանակ, հետաքրքիր է, որ զգալի մեծացել է հետաքրքրությունը ռուսական «ծագումով» բուհերի նկատմամբ: Կրթական համակարգի մեր աղբյուրները նշում են, որ թեպետ նախորդ տարիներին էլ այս բուհերը դիմորդների պակաս չեն ունեցել, բայց այս տարի սպասվում է շատ լուրջ հոսք: Խոսքը մասնավորաբար Հայ-ռուսական համալսարանի, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի և Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի մասին է:
Ընդ որում, մեր ունեցած տեղեկություններով, Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղն այս տարի աննախադեպ քանակի դիմորդներ է ունենալու: Սա առաջին հերթին ուշագրավ է Հայաստանում վերջին մի քանի տարիներին հակառուսականության առավել սրված քարոզչության ֆոնին, որն իրականացնում են Հայաստանի իշխանություններն ու նրանց արևմտյան աջակիցները: Իսկ թե ինչով է պայմանավորված ռուսական բուհերի նկատմամբ հետաքրքրության նման կտրուկ աճը, դժվար է ասել:
Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մինչ Հայաստանում պետության ղեկավարի մակարդակով զբաղված են «հեծանիվ հայտնագործելով», լավ, համոզեցիք, թեկուզ՝ քշելով, մեր շուրջբոլորը տրանսպորտային լուրջ տեղաշարժեր են նախանշվում, որոնք շատ ավելի հեռուն գնացող հետևանքներ ու նպատակներ ունեն: Նախ՝ Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով (ՏՄՏԵ, նշվում է նաև որպես «Միջին միջանցք») գործարկվել է Չինաստանից Թուրքիա առաջին բեռնատար գնացքը՝ բեռնված կենցաղային տեխնիկայով և առաջին անհրաժեշտության ապրանքներով 110 կոնտեյներով: Գնացքը մեկնել է չինական Ցզյանսու նահանգի մայրաքաղաք Նանկինից և պետք է ժամանի Ստամբուլ՝ անցնելով Միջին Ասիա-Կասպից ծով-Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երթուղով:
Նկատենք, որ ներկայում Չինաստանից դեպի Եվրոպա բեռնափոխադրումներն իրականացվում են մի քանի երթուղով, որոնք անցնում են Կենտրոնական Ասիայի երկրներով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով, Սև ծովով: Այդ հանգամանքը, ինչպեսև Չինաստանի՝ դեպի եվրոպական երկրներ ելնելու, իսկ հընթացս նաև երթուղու երկրների շուկաներ ու ներդրումային միջավայր ավելի մեծ ծավալով ներթափանցելու մղումը նկատի ունենալով՝ Ադրբեջանը ձգտում է ավելի ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում: Այստեղ նշենք, որ նմանապես Վրաստանն է ձգտում Չինաստանի հետ ավելի սերտորեն համագործակցել՝ համաձայնելով ավելի մեծ խորություն ունեցող նոր նավահանգիստհանգույցի շինարարությունը վստահել ՉԺՀ-ին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այն վերջերս Չինաստանի հետ հուշագիր ստորագրեց «Միջին միջանցքի» (ՏՄՏԵ) վերաբերյալ:
Կողմերը քննարկել են նաև այդ երթուղի նոր բեռնահոսքեր ներգրավելու, երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Խոսք կարող է լինել Չինաստանի կողմից Ադրբեջանով տարանցիկ բեռնափոխադրումների սուբսիդավորման մասին: Ավելին, նախօրեին «Համագործակցության Շենհայի կազմակերպության» անդամ-պետությունների ղեկավարների խորհրդի 24-րդ նիստին մասնակցող ՉԺՀ նախագահը Աստանայում մի շարք հայտարարություններ է արել այս առնչությամբ: Մասնավորապես, նա նշել է, որ անհրաժեշտ է մեծացնել համագործակցությունը այնպիսի ավանդական ոլորտներում, ինչպիսիք են առևտուրն ու տնտեսությունը, նպաստել Չինաստան-Եվրոպա բեռնատար գնացքների սպասարկումը բարելավելուն, Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու կառուցմանը՝ նպատակ ունենալով տրանսպորտային փոխկապակցվածության ճյուղավորված և բարձր արդյունավետությամբ ցանցի կատարելագործումը:
Ձևավորվել է մի իրավիճակ, որի պայմաններում այդ ցանցը կարծես ձեռնտու է բոլորին, բայց առաջին հերթին դրանից կարող են շահել Թուրքիան, Ադրբեջանը, Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրները: Կոնկրետ Թուրքիայի համար հիշատակված «Միջին միջանցքը» լավ հնարավորություն է նշված երկրների ու Ադրբեջանի միավորման, պարզ ասած՝ «Մեծ Թուրանի» ծրագրի համար գետնի վրա շատ կոնկրետ հենք ստեղծելու տեսանկյունից: Գործնականում դա կարող է լինել «պանթյուրքիզմի» «կյանքի ճանապարհը»:
Այստեղ հետաքրքիրն այն է, որ այդ նախագծի հիմնական շարժիչ ուժը՝ ֆինանսատնտեսական ու բեռների ապահովման տեսանկյունից, հենց Չինաստանն է: Մինչդեռ Չինաստանն ինքը որոշակի խնդիրներ ունի թյուրքախոս փոքրամասնության հետ, մասնավորապես, ույղուրական ինքնավարության մասով: Մյուս կողմից՝ Չինաստանի համար այդ երթուղին ելք է դեպի Կենտրոնական Ասիա, Կովկաս, Սև ծով, ըստ որում՝ ԱՄՆ վերահսկողությունից դուրս: Գաղտնիք չէ, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան ընդգրկուն տարածաշրջանում ԱՄՆ-ն որոշակիորեն վերահսկողություն ունի, ինչը Չինաստանին, մեղմ ասած՝ դուր չի գալիս: Ի դեպ, այս թեմային արդեն իսկ բավական անդրադարձներ կան:
Ի մասնավորի, տելեգրամյան ալիքներից մեկը գրում է. ««Միջին միջանցքը» կարող է անցնել նաև Հայաստանով, սակայն դրա համար պետք է իրագործվի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը: Բաքուն և Անկարան Հայաստանի հետ սահմանների ապաշրջափակումը շաղկապում են նախապայմանների հետ. ՀՀ Սահմանադրության փոփոխություն, Սյունիքով միջանցքի տրամադրում, անկլավների վերադարձ Ադրբեջանին և այդպես շարունակ: Դա նշանակում է, որ ռազմաքաղաքական, տնտեսական, ժողովրդագրական և ռազմավարական առումներով Թուրքիան ու Ադրբեջանը ձգտում են Հայաստանը վերածել «ձախողված պետության» («failed state») ու պարզապես օգտագործել Հայաստանի տարածքը՝ զուտ որպես տրանզիտային գոտի կամ միջանցք՝ Մեծ Թուրան ծրագրի համար, որն ուղղված է Ռուսաստանի, Իրանի, ինչպես նաև՝ ՉԺՀ-ի դեմ»: Իսկ Հայաստանում դեռ հեծանիվ են քշում՝ «խաղաղության խաչմերուկի» մասին ժամկետանց խոսակցություններով:
Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
Երեկ Սարյան փողոցում, առանց դատարանի որոշման, ոստիկանության ծառայողները կանգնեցրել և դիմակավորված անձանց օժանդակությամբ խուզարկել են Արցախի հերոս Սամվել Կարապետյանի որդու՝ Վալերի Կարապետյանի անձնական ավտոմեքենան, վերջինիս և ընկերոջը անհարկի պառկեցրել գետնին, կիրառել ֆիզիկական ուժ, քաշել մազերից, առանց որևէ հիմքի ավտոմեքենան տեղափոխել հատուկ պահպանման վայր, իսկ այսօր էլ հրաժարվել են այն վերադարձնել։
Այդ մասին իր ֆեսբուքյան էջում հայտնել է Վալերի Կարապետյանի փաստաբան Ռոման Երիցյանը:
«Ավտոմեքենան կանգնեցնելու պատճառը «ուժեղացված ծառայությունն էր», գետնին պառկեցնելունը՝ «ախպերս, ի՞նչ եք ուզում» արտահայտությունը, մեքենան չվերադարձնելունը՝ «քննարկման փուլում է» հիմարությունը։
Խուզարկության արդյունքում քրեաիրավական գնահատման ենթակա ոչինչ չի հայտնաբերվել։
Լրացում. Վալերի Կարապետյանը Արցախում եղել է իմ ուսանողը։ Ցանկացած երրորդ անձանց հետ շփման ընթացքում վերջինս դրսևորում է բացարձակ համեստություն և հարգալից վերաբերմունք, ուստի վարչարարության ընթացքում վերջինիս կողմից որևէ ավելորդության ցուցաբերում բացառում եմ»,- գրել է նա։
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական բոյկոտից հետո իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը։ Հուլիսի 4-6-ն ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ Վոլոգդայի մարզի Չերեպովեց քաղաք` աշխատանքային այցով։
Պատվիրակության կազմում են նաեւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Սանդիկովը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։
Նկատենք, որ Ալեն Սիմոնյանը տեւական ժամանակ է՝ շրջագայում է միայն արեւմտյան երկրներում, իր հակառուսական հայտարարությունների պատճառով թերեւս անցանկալի պաշտոնյա է համարվում ՌԴ-ում, ինքն ու Մարիա Զախարովան հեռակա ռմբահարում են միմյանց, եւ գուցե ինքն էլ է խուսափում Ռուսաստան մեկնելուց, ուստի վերջին շրջանում Ռուսաստան գործուղումների եւ ռուսական շրջանակների հետ հանդիպումներին մասնակցում է Հակոբ Արշակյանը»:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ:
Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզելով, որ վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել: Պարզվում է՝ նույնականացման քարտերի առցանց հերթագրման վերացման արդյունքում առաջացած «թափուր» օրերին ու ժամերին հերթագրման հնարավորություն է ավելացել այլ ծառայությունների, այդ թվում՝ անձնագրավորման համար, սակայն երբ հերթագրված քաղաքացիները մոտենում են անձնագրային բաժիններ, պարզվում է, որ իրենց անունը ցուցակներում չկա:
Մարդիկ ստիպված են տեղում հերթագրվել և ժամերով սպասել: Մարդկանց բողոքներին ի պատասխան՝ բաժիններում ասում էին, թե իրենք կապ չունեն, և կոչ էին անում դիմել թեժ գիծ: Իսկ վերջինիս զանգահարելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է. կա՛մ համարը զբաղված է, կա՛մ պատասխանող չկա...
Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիք այցի ընթացքում՝ գորիսեցիների հետ հանդիպման ժամանակ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, պատասխանելով բնակիչներից մեկի հարցին, ուշագրավ տեղեկություն է հայտնել։
Հարցնում էին հունիսի 12-ի դեպքերին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների արձագանքի մասին, որ ոչ միայն չդատապարտեցին իշխանությանը՝ հատուկ միջոցներ կիրառելու եւ ոստիկանության վայրագությունների համար, այլեւ տեղ-տեղ անգամ մեղադրեցին ցուցարարներին։ Սրբազանն ասաց, որ մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, ապա պատմեց դեսպանատներից մեկից իրենց փոխանցված խայտառակ պատասխանը։
«Այդ դեսպանատուն մեր հայրենակիցները նամակ են ուղարկել, խոշոր էլ երկիր, մեծ խաղացող՝ Եվրոպայից, նամակի հետ՝ ոստիկանական վայրագությունները՝ տեսանյութերով, որ 30 հոգով մարդ են ծեծում, կանանց, երեխաների վրա ռումբ են նետում, ծեծում-ջարդում են։ Ի՞նչ են պատասխանում․ ասում են՝ այո, այս դրվագները սարսափելի են, սրանք ուղղակի անընդունելի են, բայց ավելի պակաս սարսափելի են, քան այն, որ ռուսամետները պիտի գան իշխանության, ավելի ճիշտ՝ ռուսական գործակալները»։
Բագրատ սրբազանը չհրապարակեց երկրի անունը՝ ասելով, որ նման իրավասություն չունի, սակայն, մեր տեղեկություններով, խոսքը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինիի մասին է։ Նրա անունից են նման պատասխան փոխանցել շարժման ակտիվին»:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Բագրատ սրբազանը, քաղաքական գործիչներից զատ, առանձին փակ հանդիպում ունեցավ նաեւ հասարակական գործիչների հետ:
Հանդիպման մասին իրազեկեցին, սակայն բովանդակության մասին ոչինչ չհայտարարվեց։ Պարզվում է՝ հանդիպման մասնակիցները հենց այն խոսնակներն են, որոնց մասին անցած շաբաթ Սուրբ Աննա եկեղեցու բակում խոսել է սրբազանը։ «Ձեւավորել ենք խոսնակների թիմ։ Նրանց շարքում կան մարդիկ, որոնք կարող են անծանոթ լինել շատերին»,- ասել էր նա։
Հանդիպմանը մասնակցել է ավելի քան հարյուր մարդ, այդ թվում՝ ինչպես հանրությանը հայտնի ակտիվ գործիչներ, այնպես էլ անհայտ դեմքեր։ Մասնակցել են Թեւան Պողոսյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ռուբեն Մելիքյանը, Կարեն Բեքարյանը եւ այլք։ Քննարկվել են շարժման մարտավարությունը եւ խոսնակների դերը:
Արձանագրել են, որ ոլորտային բաժանման անհրաժեշտություն կա, ամեն մեկը պետք է խոսի իրեն վերաբերող մասնագիտական ոլորտի մասին, թիրախային բացահայտումներ անեն, իշխանության ստերը վեր հանեն՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական ու հոգեւոր եւ այլ ոլորտներին վերաբերող։ Սրբազանը բարձր է գնահատել ներկաների մտավոր կարողությունները եւ հորդորել է ակտիվ ներգրավվել իշխանության դեմ պայքարին՝ կլինի սոցցանցերի միջոցով, մամուլի, թե հեռուստատեսության:
Ասել է, որ պետք է թիրախային աշխատանք տանել, սակայն հստակ հանձնարարականներ չի տվել, նշել է, որ յուրաքանչյուրն ինքը պետք է պատասխանատվություն վերցնի եւ ակտիվ աշխատանքներ իրականացնի։ Միայն որոշվել է, որ տեղեկատվական դաշտի համակարգումն իրականացնելու է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը»:
Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Բաքվի պահանջը հասնելու է Երևանի թաղամասերի անունները փոխելուն, Սահմանադրությունը սկիզբն է․ Մելքոնյան.
Տեսանյութ
Չինաստանն աջակցում է Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) Ադրբեջանի կարգավիճակի բարձրացմանը։ Այս մասին ասված է հուլիսի 3-ին Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում ընդունված` «Ադրբեջանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագրում»։
«Չինական կողմը ողջունում է Ադրբեջանի ցանկությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում: Ադրբեջանական կողմը հայտնում է BRICS-ին միանալու իր ցանկության մասին, իսկ չինական կողմը ողջունում է Ադրբեջանի մասնակցությունը BRICS համագործակցությանը»,- ասվում է հռչակագրի տեքստում։
BRICS-ը միջկառավարական կազմակերպություն է, որի անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, Իրանը, Եգիպտոսը, Եթովպիան և Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ոստիկանության Աշոցքի բաժինը` որպես հարազատի հետ կապը կորցրածի, որոնում է 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանին և նրա 5 անչափահաս երեխաներին:
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նրանք հունիսի 7-ին տաքսիով մեկնել են Երևան՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ:
Նրանց վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: