Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության» եթերում վստահություն է հայտնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից Հայաստանի ստորագրությունը հետ չվերցնելը Փաշինյանի միակ ճիշտ քայլն է:
«Այդ հայտարարությունն է, որ այսօր պահում է Ադրբեջանին և Հայաստանին զինադադարի վիճակի մեջ, եթե դու դրանից դուրս ես գալիս, դրան անմիջապես կհետևեն մեղադրանքները, որ Հայաստանը պաշտոնապես դուրս է եկել զինադադարից, և, բնականաբար, դրանից Ադրբեջանը կուզի օգտվել, էլ չասած` այն երկրների մասին, որոնք կարող է և սատարել այդ պլաններին»,- նշեց բանախոսը:
ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահն Ադրբեջանում նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստում բավականին կոշտ և վտանգավոր հայտարարություններ է հնչեցրել:
Վերջինս անդրադառնալով Հայաստանի ռազմական գնումներին նշել է, որ այն երկրները, որոնք զինում են ՀՀ-ին, ուղիղ պատասխանատվություն են կրելու ապագայում սպասվող իրադարձությունների համար:
Թե ինչ է իրենից ներկայացնում «ապագայում սպասվող իրադարձություն» ձևակերպումը կարելի է կանխատեսել, բայց դա ակնհայտորեն ոչ մի առնչություն չունի ՀՀ կառավարչի` ՄԱԿ-ում հնչեցված «ապագա կա» կարգախոսի հետ:
Ադրբեջանը տևական ժամանակ է քարոզչական, դիվանագիտական ջանքեր է գործադրում ՀՀ-ի ռազմական գնումները Ադրբեջանի դեմ ռևանշի նախապատրաստություն ներկայացնելու համար, ըստ այդմ` նախապես ագրեսորի պիտակ դաջելով ՀՀ գործող իշխանության դեմքին:
Սակայն իրադրությունը, մեղմ ասած, լրիվ այլ է: Իրականում Ադրբեջանն է խոշոր մասշտաբներով զինվում, որի նպատակը Հայաստանի գլխին իջեցված նախապայմանների ամբողջական բավարարմանը հասնելն է»:
Չի կարող որևէ միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի և վավերացման ենթակա է՝ առանց Սահմանադրական դատարանով անցնելու գնա վավերացման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգին:
«Եթե մի միջազգային պայմանագիր պետք է վավերացվի, այն չի կարող չգալ Սահմանադրական դատարան: Եթե կա մի միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն այն Հայաստանի համար իրավական ուժ չունի»,- ընդգծեց նա:
Հարցին՝ Կիրանցի սահմանազատումն ապօրինի՞ է, քանի որ կանոնակարգը չի հաստատվել, Դիլանյանն արձագանքեց. «Այս պահին որևէ գնահատական չեմ տա, ավելի լավ է սպասենք, եթե այդ հարցը կգա ՍԴ, այդ ժամանակ մենք կասենք մեր գնահատականը»:
Վերջինս հավելեց, որ մի քանի րոպեից սկսելու է դատաքննությունը, իրենք կգնան խորհրդակցությունների սենյակ, և որոշ ժամանակ անց արդեն որոշումը կհրապարակվի: «Եթե խնդիր տեսանք, մի՛ կասկածեք, որոշումը կհրապարկվի, եթե խնդիր չտեսանք, ասելու ենք՝ խնդիր չկա: Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է, թե՝ ոչ»,- նշեց ՍԴ նախագահը:
Անդրադառնալով ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի շուրջ կատարվողին, Դիլանյանն ասաց, որ որպես անձ, ուշադիր հետևում է իրադարձություններին, բայց որևէ կերպ չի միջամտում քրեական գործի քննությանը, ապա հավելեց, որ, որպես դատարանի դատավոր և նախագահ, երբ կգա իրենց ասելու ժամանակը, անպայման կասեն տեսակետ:
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները եւ կործանիչները մեկ օրում կատարել են ավելի քան 650 մարտական թռիչք՝ հարվածելու համար լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման օբյեկտներին։
Այս մասին տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։
«Կործանիչները եւ ինքնաթիռները օդ են բարձրացել Իսրայելի ՌՕՈւ բոլոր կայաններից եւ վերջին մեկ օրում կատարել են ավելի քան 650 մարտական թռիչք»,- նշված է հայտարարությունում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ամերիկյան լրատվամիջոցները և փորձագիտական շրջանակները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում Հարավային Կովկասում իրավիճակին, սակայն ուշագրավ է, որ այդ հրապարակումների ենթատեքստը առավելապես նույնական է: Ի մասնավորի, օրերս ամերիկյան պարբերականներից մեկը հրապարակել է մի հոդված, որը վերնագրված է «Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս»: Այս հրապարակումն առաջին հերթին ուշագրավ է նրանով, որ հեղինակները ամերիկյան հայտնի փորձագետներ են՝ գլխավորությամբ մի մարդու, որը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել:
Խոսքը Ուիլ յամ Վուլֆի մասին է, որը եղել է Պետդեպի գլխավոր իրավաբանը և պաշտպանության նախարարի օգնականի տեղակալը: Վերլուծությունը վերաբերում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռանալու և դեպի Արևմուտք կողմնորոշվելու թեմաներին: Ընդ որում, ՀԱՊԿ-ից հեռացումը դիտարկվում է որպես մոտ ապագայում կայանալիք իրադարձություն, նույնիսկ՝ գրեթե իրողություն: Նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է էապես աջակցի Հայաստանին այս հարցում: Սակայն ուշագրավ է, որ գրեթե խոսք չկա այն մասին, թե ՀԱՊԿ-ից հեռանալն ու Արևմուտքի գիրկն ընկնելը ինչ է տալու Հայաստանին: Փոխարենն ամենայն մանրամասնությամբ նկարագրված է, թե դա ինչ կտա ԱՄՆ-ին, այսինքն՝ թե այդ ամենն ԱՄՆ-ի ինչին է պետք: Պարզվում է՝ պետք է, այն էլ՝ ինչպես է պետք: Ըստ հեղինակների, այդպիսով, Հայաստանի դուրս գալը և դեպի Արևմուտք շրջադարձը «անգնահատելի հնարավորություն» կտա ԱՄՆ-ին՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար, «ինչը օգուտ կտա Ամերիկայի երկարաժամկետ հետաքրքրություններին»: Եվ ուշադրություն... ամենակարևոր կետերից մեկը. Հայաստանին արևմտյան շարքեր բերելը թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել Ռուսաստանի հարավային սահմաններում իրական վտանգը և չեզոքացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում:
Վերջապես, ըստ հեղինակների, այդ ամենը հնարավորություն կտա բարդացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանի միավորման Չինաստանի պլանները, ինչպես նաև ԱՄՆ-ին թույլ կտան նվազեցնել իրենց կախվածությունը Թուրքիայից: Մի խոսքով, ամերիկացիները փաստացի սկսել են ավելի բաց «խաղալ» և ակնհայտ հայտարարել իրենց իրական հետաքրքրությունների մասին, որտեղ որևէ տեղ չկա Հայաստանի շահերի ու անվտանգության համար: Բացառապես ամերիկյան շահեր, ամերիկյան հետաքրքրություններ, որոնց հիմնական իմաստը Հայաստանը աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ դարձնելն է՝ անգամ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային կորուստների գնով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին խիստ ուշագրավ հանգամանքներ են հայտնի դարձել օրերս մեծ «շուքով» բացահայտված իշխանության յուրացման գործով։
Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իշխանությանը հեռացնելու համար հավաքագրված անձանցից ոմանք իրենց հետ կատարվածի մասին, թե իբր գումարի դիմաց իրենց տարել են վարժանքների, որ «հետո իշխանությանը մաքրեն», պատմել են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին։ Սյունեցի պատգամավոր Խաչատրյանը, լսելով տեղեկությունը, այն հասցրել է ուժային կառույցներին: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այն անձինք, ովքեր կատարվածի մասին անձամբ պատմել են ՔՊ պատգամավորին, նրանց խոստացել են քրեական պատասխանատվության չենթարկել, գործերը կարճել։
Այս տեղեկությունը «Ժողովուրդ օրաթերթը փորձեց պարզել ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանից, սակայն նա չարձագանքեց մեր զանգերին, եւ երկար ժամանակ է՝ անպատասխան է թողնում մեր նամակները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ.-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս.-ն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռեւս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի (մոտ 840 հազար ՀՀ դրամ) վճարի դիմաց, Ռուսաստանի Դաշնությունում եռամսյա հավաքներ անցնելու եւ դրա ընթացքում նոր՝ ծանր զինատեսակներին ծանոթանալու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների եւ Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների, հավաքագրված անձանց տեղակայել են Ա.Ս.-ի ղեկավարմամբ գործող «Արբատ» անվանումով ռազմաբազայում, որից հետո նրանց հետ փակ տարածքում՝ շենքի ներսում, անցկացրել են վերջիններիս արդեն հայտնի զինատեսակներով մարտ վարելու պարապմունքներ։
Սակայն, ըստ նախաքննական մարմնի, հավաքագրված խմբի շատ անդամներ հետագայում հրաժարվել են հեղաշրջման գաղափարից եւ ընդդիմացել են։ Գործով կալանավորված են 3 անձինք, որոնց մեջ է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, ինչպես նաեւ կան հետախուզվողներ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Երբ որոշ ժամանակ առաջ հայտնի դարձավ, որ ՔՊ-ի կենտրոնական գրասենյակը Սայաթ-Նովա և Չարենց փողոցների խամերուկից կարող է տեղափոխվել այլ վայր, տեղի բնակիչներն ու ՔՊ-ի գրասենյակին մերձ տարածքների տարբեր կազմակերպությունների աշխատակիցները բավականին ոգևորվել էին՝ «վերջապես գլուխներս կհանգստանա»:
Բանն այն է, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն այցելում է գրասենյակ, իսկ դա հատկապես վերջին շրջանում շատ հաճախ է լինում, գրասենյակի մերձակա հատվածը վերածվում է «արտակարգ ռեժիմի գոտու»: Նախ՝ երթևեկությունն է կաթվածահար լինում, ապա տարածքը շրջապատում են անվտանգության բազմաթիվ աշխատակիցները, որոնք «աչքները չորս արած» հետևում են ամբողջ անցուդարձին: Մոտակայքի «կարմիր» գծերում այդ ընթացքում կայանելու մասին խոսք չկա, մյուս կողմից՝ մարդիկ դժգոհում են, որ բավական է Նիկոլ Փաշինյանի՝ գրասենյակում գտնվելու ժամանակահատվածում երկու անգամ այդ հատվածով անցնես, միանգամից հայտնվում ես Փաշինյանի թիկնազորի ուշադրության կենտրոնում՝ ընդ որում, հաճախ զավեշտի հասնող հարցերով՝ «այս ի՞նչ ես գնում-գալիս», «ի՞նչ ես անում ստեղ», «ինչի՞ հենց այս մայթով» և այլն:
Մեր տեղեկություններով, ՔՊ գրասենյակի ազատվելու հետ կապված տեղի բնակիչների ու կազմակերպությունների աշխատակիցների ուրախությունը երկար չի տևել: Նրանք տեղեկություններ ունեն, որ ՔՊ-ի տեղափոխությունը առայժմ հետաձգվում է»: