Այսօր «The Beatles»-ի համաշխարհային օրն է

Oրը նշանակալից է լեգենդար խմբի երկրպագուների համար

Այսօր՝ հունվարի 16-ին, իսկական մելոմանների բարձրախոսներից եւ ականջակալներից հնչում են բոլոր ժամանակների եւ ժողովուրդների ամենահանրաճանաչ երաժշտական խմբերից մեկի՝ Լիվերպուլից լեգենդար քառյակի «Yesterday», «Yellow Submarine», «Let It Be» եւ այլ ստեղծագործությունները: 2001 թվականից սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հունվարի 16-ին նշվում է «The Beatles»-ի համաշխարհային օրը:

Օրն, իհարկե, պատահական չի ընտրվել: 1957 թվականի հունվարի 16-ին Լիվերպուլում բացվել է «The Cavern» ակումբը, որտեղից էլ սկսել են փառք տանող ճանապարհը այդ ժամանակ դեռեւս բոլորին անհայտ երիտասարդ երաժիշտներ Ջոն Լենոնը, Փոլ Մաքքարթնին եւ Ջորջ Հարիսոնը: Մի քանի տարի հետո նրանց է միացել եւս մեկ ապագա բիթլ՝ Ռինգո Սթարը: Ավելի ուշ հունվարի 16-ին «The Beatles»-ի պատմության մեջ տեղի է ունեցել եւս մեկ նշանակալի իրադարձություն. 1964 թվականի այդ օրը «Cashbox» ամսագիրը ամերիկյան հիթ-շքերթում առաջին տեղը շնորհել է «I Want To Hold Your Hand» երգին, որից հետո այս սինգլը ընդամենը 10 օրում տարածվել է միլիոնավոր տիրաժով:

Սովորական կազմով «The Beatles»-ն աշխատել է 8 տարի: Այս ընթացքում նրանք պաշտոնապես թողարկել են 13 ալբոմ, որոնցից յուրաքանչյուր երգն իսկական հիթ է դարձել: