«Գազպրոմ Արմենիա»-ի հետ բանակցությունները կշարունակվեն այնքան, մինչեւ արդյունավետ լուծում գտնվի

Մինչ բանակցությունների ավարտը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի ներկայացնի գազի սակագնի վերանայման հայտ

«Գազպրոմ Արմենիայի» եւ ՀՀ կառավարության միջեւ հունվարի 8-ից մեկնարկել են բանակցություններ գազի սակագնի շուրջ եւ կավարտվեն այն ժամանակ, երբ հարցի արդյունավետ լուծման տարբերակ կգտնվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով, պայմանավորվածության համաձայն՝ մինչ բանակցությունների ավարտը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը չի ներկայացնի գազի սակագնի վերանայման հայտ:

Հիշեցնենք, որ Ամանորից ռուսական գազը սահմանին թանկացավ՝ 150 դոլարից դառնալով 165 դոլար հազար խմ-ի դիմաց, սակայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սպառողների համար գազը չի թանկանա:

Հարցին, թե եթե արդեն հայտարարվել է, որ սահմանին գազը թանկանում է, իսկ հայ սպառողների համար սակագինը չի փոխվելու, ապա ինչի՞ շուրջ են բանակցությունները, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Բանակցություններն ընթանում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման,  ծախսերի օպտիմիզացման եւ հետագա տարիներին ընկերության գործունեության ֆինանսատնտեսական մոդելի մշակման շուրջ»:

Ինչ վերաբերում է հավանականությանը, որ գուցե բանակցություններն արդյունք չտան եւ, այդուհանդերձ սակագինը բարձրանա, փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց. «Կառավարությունն առավելագույնս ջանք կգործադրի բանակցությունները կառուցողական մթնոլորտում վարելու եւ ընդունելի արդյունք գրանցելու համար»:

Նա ընդգծեց, որ բանակցությունների արդյունքում ձեռք բերվելիք պայմանավորվածության հստակ ժամկետ չկա. ««Այս պահին հստակ ամսաթիվ հնարավոր չէ նշել»:

Մհեր Գրիգորյանի ներկայացմամբ, այս պահին իրենց նպատակադրումը հստակ է՝ հասնել «Գազպրոմ Արմենիա»-ի գործունեության արդյունավետության բարձրացման,  ծախսերի օպտիմիզացման, որի արդյունքում սակագինը չի բարձրանա, հատկապես, որ գազի միջին սակագինը բավականին տարբերվում է սահմանի գնից:

Հարցին, թե եթե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում եղել են ծախսերի օպտիմիզացման ռեսուրսներ, ապա ինչու մինչ այսօր այդ ուղղությամբ ոչինչ չի արվել, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել նախկինում արվել է թե ոչ, կամ ինչու չի արվել, կամ ինչպես է արվել»:

Իսկ հնարավո՞ր է, որ բանակցությունների արդյունքում գազի թանկացման այդ 15 դոլարի բեռը կամ դրա մի մասը իր վրա վերցնի ՀՀ կառավարությունը եւ ինչ-որ մասով սուբսիդավորի սակագինը, Մհեր Գրիգորյանն արձագանքեց. «Նման հարց ներկա պահին չի քննարկվում»:

Նշենք, որ ավելի վաղ վարչապետի պաշտոնակատար Արման Եղոյանը հայտարարել էր, որ գազի գնի սուբսիդավորման հարց չի քննարկվել և չի քննարկվում և դրա մասին ընդհանրապետ խոսք չկա: Նրա խոսքով, սահմանի վրայի այդ 15 դոլարի տարբերությունը հատուցվելու է շնորհիվ «Գազպրոմ Արմենիայի» գործունեության արդյունավետության բարձրացման և ծախսերի կրճատման։ Եղոյանը նշել է, որ գազի սակագինը չբարձրացնելու պայմանավորվածությունները կգործեն առնվազն 2019-ի համար: