Հակակոռուպցիոն ծրագիրը չի՛ կարելի այսպես ընդունել. փաստաբան

Նորայր Նորիկյանը կարծում է, որ ծրագիրը պետք է լրջորեն վերանայվի

Փաստաբան Նորայր Նորիկյանը կարծում է, որ պետք է լրջորեն վերանայվի Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Ժամանակ գտա եւ ուսումնասիրեցի ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի նախագիծը, որը տեղադրված է www.e-draft.am կայքում:

Կարծում եմ, որ այս փաստաթուղթը չի համապատասխանում այն չափանիշներին ու պահանջներին, որոնք հռչակվել են՝ առաջիկա տարիների ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ:

Ըստ էության, գործ ունենք հռչակագրային փաստաթղթի հետ, որտեղ գերակշռում են ցանկություններ, պատկերացումներ եւ ակնկալիքներ, այն դեպքում, երբ մանրամասն պետք է վերլուծված լիներ կոռուպցիոն ոլորտային խնդիրները, մասնավորապես՝ կրթության, առողջապահության, ոստիկանության, դատական եւ քրեակատարողական համակարգերի եւ այլն:

Նախագծով նշվում է, որ հրատապ է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» ստեղծումը, այն դեպքում, երբ այն օրենքի պահանջ է եւ պետք է ստեղծված լիներ դեռեւս 2018թ. մայիսին: 

Նշվում է, որ նախատեսվում է ստեղծել մեկ միասնական քննչական մարմին՝ գործող ՀՀ քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, ազգային անվտանգության, ինչպես նաեւ ՊԵԿ քննչական վարչության փոխարեն՝ հիմնավորելով, որ միջազգային փորձի ուսումնասիրությունից հետեւում է, որ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մարմնի: 

Այսպիսի հռչակագրային ցանկությունների ֆոնին աչք է զարնում մանկապարտեզների ընդունելության էլէկտրոնային համակարգի ներդնումն ու եւս մի քանի կայքերի ստեղծումը:

Բայց այնպիսի տպավորություն է, որ ծրագրի ամենակարեւոր ուղերձն արձանագրված հենց առաջին նախադասության մեջ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ վերջին տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը հետեւողական պայքար է մղել կոռուպցիայի դեմ՝ հակակոռուպցիոն պայքարը ճանաչելով իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը: 

Վերջին տարիներ ասելով ի՞նչ նկատի ունեք:

...Այս ծրագիրը չի՛ կարելի այսպես ընդունել եւ պետք է լրջորեն վերանայվի»: