Քըլըչդարօղլուն կհաղթի Էրդողանին. Սոցհարցում

Մանրամասներ
ա

Թուրքիայում գործող «Եվրասիա» հանրային կարծիքի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Քեմալ Օզքիրազը հրապարակել է կենտրոնի վերջին սոցիալական հետազոտության արդյունքները, որոնք ցույց են տալիս թուրքական քաղաքական կուսակցությունների վարկանիշը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Արդյունքներն ուշագրավ են եղել այն առումով, որ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի կողմից հիմնադրված ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցությանը վստահություն է հայտնել հարցվածները 5․1 տոկոսը, իսկ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) վստահության ցուցանիշով գերազանցել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ-AKP)։

Այսպես, հետազոտության մասնակիցներին տրվել է այն հարցը, թե որ կուսակցությանը ձայն կտան, եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Նրանց պատասխաններից ձևավորվել է հետևյալ պատկերը․

— «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (առաջնորդ՝ Քեմալ Քըլըչդարօղլու) – 29,9%,

— «Արդարություն և զարգացում» կուսակցություն (առաջնորդ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողան) -28,5%,

— «Լավ» կուսակցություն (առաջնորդ՝ Մերալ Աքշեներ) – 13,3%,

— «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (համանախագահներ՝ Միդհատ Սանջար, Փերվին Բուլդան ) – 10,5%,

— «Ազգայնական շարժում» կուսակցություն (առաջնորդ՝ Դևլեթ Բահչելի) -7․1%,

— «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցություն (առաջնորդ՝ Ալի Բաբաջան)-5,1%։

Օզքիրազը ներկայացրել է նաև նախագահական ընտրությունների հետ կապված հարցման արդյունքները։ Ըստ այդմ, եթե Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Քեմալ Քըլըչդարօղլուն միաժամանակ առաջադրվեն որպես նախագահի թեկնածուներ Քըլըչդարօղլուն կստանա 56․5% ձայն, իսկ Էրդողանը՝ 35.8%։