Ղարաբաղի հայերի ճակատագիրը կորոշեն Մոսկվան եւ Բաքուն․ Տարասով

Փաշինյանը լիովին հրաժարվել է ղարաբաղյան օպերացիայից

1

2021 թվականի կարեւոր իրադարձություններից է ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքների  իրականացման սկիզբը, որն արմատապես փոխել է իրավիճակը տարածաշրջանում այն ​​առումով, որ դրան մասնակցում էր նաեւ Թուրքիան։ Անկարան հանդես է եկել որպես իրադարձությունների զարգացման հովանավոր։ Այս մասին դեկտեմբերի 29-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հիմնախնդիրների փորձագետ Ստանիսլավ Տարասովը։

Հետագա զարգացումը ցույց տվեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա դժվարություններից եւ խնդիրներից հետո, ըստ փորձագետի, մերձեցում է տեղի ունեցել. հանդիպել են երկու երկրների արտգործնախարարները, ապա Ալիեւն ու Փաշինյանը նախ՝ Ռուսաստանի միջնորդությամբ, ապա տարեվերջին՝ Եվրամիության եւ Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ Բրյուսելում։

«Դրան հաջորդեց Փաշինյանի սենսացիոն հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղը միշտ եղել է ադրբեջանական տարածք։ Սա նշանակում է, որ կողմերը մոտեցել են սահմանների սահմանազատման եւ սահմանագծման խնդրի լուծմանը եւ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը, որը ենթադրում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում եւ կապված է Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ։

Հայաստանը փաստացի դուրս եկավ ղարաբաղյան խաղից։ Ադրբեջանը կանգնած է խնդրի առջեւ, թե ինչ անել Ստեփանակերտում հայկական անկլավի հետ։ Սա ապագայի թեմա է։ Ամենայն հավանականությամբ, մենք կսպասենք Ադրբեջանի նոր հայեցակարգային մոտեցումներին Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի վերաբերյալ։ Ռուս խաղաղապահները Ղարաբաղում են, Փաշինյանը լիովին հրաժարվել է ղարաբաղյան օպերացիայից։ Ղարաբաղի հայերի ճակատագիրը կորոշեն Մոսկվան եւ Բաքուն»,-նշեց Տարասովը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում