Ի՞նչ ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը

Մանրամասներ

ա

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին «Մեղրիի միջանցքի» վերաբերյալ դիրքորոշումը հանրայնացնելու համար։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ «այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակի լույսի ներքո, որը ուռճացվում է ԶԼՄ-ներում, ԵԱԽ-ի բոլոր մասնակիցները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված և նորաստեղծ տրանսպորտային երթուղիները գործելու են այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, որոնց տարածքով դրանք անցնում են»։

Նիկոլ Փաշինյանն իր հեռուստահարցազրույցում ասել է, որ միջանցքի հետ կապված զարգացումների թեման փակված է․ «Գիտեք, այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին։ Պետք է արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև մեծ հաշվով Ռուսաստանի Դաշնությունը երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել»։

Այս հանգամանքը ոգեւորություն է առաջացրել հայկական տարբեր շրջանակներում։ Թեեւ, պարզ հարց է առաջանում՝ եթե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված է, որ այդ ճանապարհը հսկելու է ՌԴ ՖՍԲ-ն, որքանո՞վ է դա «հարգանք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Այդ կետը չեղյա՞լ է համարվել, թե՞ նոր պայմանավորվածություն կա։ Կամ ինչո՞ւ մեկ տարի շարունակ չի հանրայնացվում ՌԴ դիրքորոշումը, ինչ որ բա՞ն է փոխվել։

Միջանցքի, դրանում ՌԴ շահագրգռվածությանը եւ նպատակներին Լրագիրը բազմիցս անդրադարձել է։ Միեւնույն ժամանակ, «Զանգեզուրի միջանցքով» Ռուսաստանն անցել է իր համար ճակատագրական գծերը, որով էլ բացատրվում է այդ հարցում Մոսկվայի զգուշավորությունը, ինչն արտահայտվեց ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

ՌԴ «դիրքորոշման հանրայնացումը» կապված է ներքին ու արտաքին բարդ խնդիրների, Արեւմուտքի եւ Իրանի կոշտ դիրքորոշումների հետ, Հայաստանի իշխանության «խաղաղ դարաշրջանային» անմեղսունակության ֆոնին։ Կարելի է պատկերացնել, թե էլ ինչ դիրքորոշումներ կհանրայնացներ Ռուսաստանը, եթե Հայաստանից հնչեր հստակ գնահատական 2020-ի սեպտեմբերի արշավի վերաբերյալ։ «Հայաստանի Հանրապետության հստակ դիրքորոշումը պիտի վերաբերեր 2020 սեպտեմբեր 27-ի ագրեսիայի բուն պատճառի՝ 1921 թվականի Մոսկովյան/Կարսի պայմանագրերի գործողությունը սպառվելուն: Պիտի վերաբերեր 1915-1923 թվականների ոճռագործության հատուցմանը 2015-ի Համահայկական դեկլարացիայի ոգով [100-ամյա տարելիցի Հռչակագիր, 6], Արեւմտյան Հայաստանի խնդրի՝ Վիլսոնյան իրավարարության ոգով արծարծմանը, Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանների որոշմանը՝ հայկական Կարսի, Արարատի եւ Նախիջեւանի առաջնահերթ վերադարձով: Այսպես կոչված «Ադրբեջանի Հանրապետության», իրականում ծայրամասային, հարցը պիտի դիտարկվեր Արցախի շրջանի առանձնացման եւ Կասպից Արեւմուտքի հայաբնակ այլ շրջաններում էթնիկ բազմազանության վերականգնման տեսանկյունից», գրում է քաղաքական մեկնաբան Պավել Դալլաքյանը:

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ցույց տվեց, որ այս հարցերը հասու չեն իշխող խմբին ու նրա առաջնորդին։ Արցախի, միջանցքի, բանակի, սահմանազատման եւ այլ խնդիրների վերաբերյալ Փաշինյանի կմկմոցները դրա վկայությունն են։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որքան էլ մինչեւ հիմա տարօրինակ է թվում հայկական շրջանակներին, կարելի էր շրջել դրա հեղինակների դեմ՝ պահանջատիրության դիրքերից։ Դա գիտակցում էին Մոսկվայում, Բաքվում ու Անկարայում, ինչով էլ բացատրվում է նրանց գողաբարո վարքն ու հռետորաբանությունը, սակայն այդպես էլ չգիտակցվեց Երեւանում։ Արցախյան հերոսամարտի նահատակների սխրանքի շնորհիվ է պահպանվել այդ հնարավորությունը՝ նրանց սխրանքը չպետք է ջուրը գցվի։

Սկզբնաղբյուր