Սպասում են հարձակման հրամանի

Մանրամասներ

1

«Թալիբան» ահաբեկչական շարժման գրոհայինները սպասում են հարձակման հրամանի, որպեսզի ներխուժեն Փանջշերի նահանգ։ Նշենք, որ Փանջշերի նահանգը գտնվում է Քաբուլից դեպի հյուսիս-արեւմուտք։ Այն, ի տարբերություն Աֆղանստանի մնացած տարածքի, չի նվաճվել թալիբների կողմից։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ, նրանք չորս ժամ էին տվել, որպեսզի տեղի հակաթալիբյան դիմադրության ղեկավար Ահմադ Մասուդը՝ Ահմադ Շահ Մասուդի որդին, հարձնվի։ Նշենք, որ Ահմադ Շահ Մասուդը սպանվել էր ահաբեկիչների կողմից քսան տարի առաջ։

Հիշեցնենք, որ Ահմադ Շահ Մասուդը գլխավորում էր հակաթալիբյան «Հյուսիսային դաշինքը»։

Ի պատասխան՝ կրտսեր Մասուդը հայտարարել է, որ Փանջշերը երբեք չի հանձնվի եւ վերջինիս բնակիչները պատրաստ են դիմադրության, ինչպես դա եղել է սովետական ռազմական ներխուժման ժամանակ։ Մասուդը նաեւ հայտարարել է, որ ինքն ու իր կողմնակիցները ձգտում են ավարտել պատերազմը եւ հասնել երկխոսության, իսկ թալիբները երկար չեն մնա իշխանության ղեկին, եթե շարունակեն նման կերպ պահել իրենց։

Մասուդը նաեւ հաստատել է, որ իր հրամանատարության ներքո, բացի տաջիկական դիմադրության ուժերից, առկա են նաեւ պրոֆեսիոնալ զինվորականներ, որոնք Աֆղանստանի տարբեր շրջաններից են ժամանել Փանջշերի նահանգ։ AFP-ն հայտնում է, որ հարյուրավոր թալիբներ շարժվում են Փանջշերի ուղղությամբ։