Դա կամավոր ստրկություն է. միլիարդատերը հորդորել է հիփոթեքով բնակարան չգնել

Մարդիկ գումար հաշվել չգիտեն, և բանկերն օգտվում են այդ փաստից
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուս միլիարդատեր Իգոր Ռիբակովն իր յութուբյան ալիքում հրապարակած տեսանյութում բացատրել է, թե ինչու է դեմ հիփոթեքային վարկերին և պատմել է, թե ինչպես կարելի է բնակարան գնել առանց այդ գործարքի, գրում են Թերթ.am-ը և «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գործարարը նշել է՝ այս առնչությամբ մարդկանց երկու տեսակ կա: Առաջինն այն աղքատ մարդիկ են, որոնք վարկ են վերցնում և հետո այն վերադարձնում են բանկին մի քանի տասնամյակի ընթացքում: Այս դեպքում, միլիարդատիրոջ խոսքով, գերավճարն, ընդհանուր առմամբ, մի քանի բնակարանի գումար է կազմում:

«Մարդիկ գումար հաշվել չգիտեն, և բանկերն օգտվում են այդ փաստից», - բացատրել է գործարարը:

Ըստ նրա՝ հիփոթեք ձևակերպելու դեպքում մարդը տեղափոխվելու ու զարգանալու փոխարեն «կապվում է» բնակարանին, իսկ բանկն ամեն ամիս գումար է ստանում: Հիփոթեքի փոխարեն Ռիբակովն առաջարկել է աշխատել եկամտի ավելացման ուղղությամբ՝ աշխատատեղի փոփոխության, մասնագիտական վերապատրաստումների կամ սեփական բիզնեսի ստեղծման միջոցով: 

Ինչ վերաբերում է երկրորդ տեսակին, ապա այստեղ միլիարդատիրոջ կարծիքով, այն հաջողակներին, որոնք կարողացել են սահմանված ժամկետից շուտ մարել պարտքը:

Նրա խոսքով՝ այս մարդիկ կարող էին բնակարան ձեռք բերել առանց վարկի՝ հենց միայն գումար տնտեսելով: Հենց սա հաշվի առնելով էլ բանկերն առաջին տարվա ընթացքում վարկառուին «բեռնում են» ապահովագրությամբ և միջնորդավճարներով: 

Իր խոսքում միլիարդատերը խորհուրդ է տվել հետևորդներին գրագետ «խնայել» գումարը, որից հետո միայն ձեռք բերել բնակարան ու մաս-մաս վճարել դրա համար: Միևնույն ժամանակ, նա անիմաստ է համարել հիփոթեքի մասին քննարկումները, և այն մարդիկ, որոնք նման կերպ բնակարան են վերցրել, ըստ գործարարի, «իրենց կամավոր ստրկության մեջ են գցել»:

Նշենք՝ Իգոր Ռիբակովը «Տեխնոնիկոլ» կորպորացիայի համասեփականատերն է և «Ռիբակով» հիմնադրամի համահիմնադիրը: Forbes-ի 2020 թվականի վարկածով՝ միլիարդատերը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում 96-րդ հորիզոնականում է: Նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 1.3 միլիարդ ԱՄՆ դոլար: