Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Բայդենը խոստացել է վերադառնալ Իրանի հետ միջուկային գործարքին

Հիշեցնենք, որ 2018թ.-ի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015թ.-ին կնքված համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

բայդեն

ԱՄՆ նախագահական ընտրությունների հավանական հաղթող Ջո Բայդենը The New York Times թերթին տված հարցազրույցում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ) վերադառնալու ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն է հայտնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հարցին, թե արդյոք պահպանում է իր ավելի վաղ արտահայտած դիրքորոշումն այն մասին, որ ԱՄՆ-ն պետք է վերադառնա Իրանի հետ միջուկային գործարքին, Բայդենը դրական պատասխան է տվել։

«Դա հեշտ չի լինի, բայց այո»,- պատասխանել է նա։

Բայդենի խոսքով՝ ապագա վարչակազմը մտադիր է «դաշնակիցների և գործընկերների հետ մասնակցել բանակցություններին և մշակել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կամրապնդեն և երկարացնեն Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումների գործողությունը»։

Բայդենը նաև ընդգծել է, որ համաձայնագիրը, որը կվերահսկի Թեհրանի միջուկային ծրագիրը, համարում է «տարածաշրջանում կայունության ապահովման լավագույն գործիքը»:

«Աշխարհի այդ հատվածում միջուկային ներուժի ավելացումը վերջին բանն է, ինչ մենք ցանկանում ենք»,- հավելել է նա։

Ավելի վաղ Բայդենը բազմիցս հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է վերադառնալ ԳՀՀԾ-ին:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015թ.-ին կնքված համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին: Համաձայնագիրը նախատեսում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի և ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման դիմաց Թեհրանի կողմից միջուկային մշակման սահմանափակում: