Եթե ներիշխանական թևեր լինեն, ես կկտրեմ այդ թևերը

ՀՀ գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, որովհետև ՀՀ կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին են, և այդ մարմինը ղեկավարվում է վարչապետի կողմից. Նիկոլ Փաշինյան

Իշխանության ներսում տարբեր թևեր չեն կարող լինել, այս մասին իր վարչապետության մեկ տարին ամփոփող ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները դադարեցված են) շուրջ ստեղծվածի համար խոսվում է, թե իշխանությունում կան տարբեր թևեր:

«Ես նմա՞ն եմ մի մարդու, որ կարող է լինել ՀՀ վարչապետ և այդ իշխանության ներսում հնարավոր լինեն տարբեր թևեր … ՀՀ գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, որովհետև ՀՀ կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին են, և այդ մարմինը ղեկավարվում է վարչապետի կողմից։ Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ»,- հայտարարեց վարչապետը։

Վարչապետը հավելեց, որ դա կանի ոչ թե նրա համար, որ իր քմահաճույքն է, այլ՝ որովհետև այդպես է օրենքը, տրամաբանությունը, պետական կառավարումը: 

«Բացառվում է, որ որևէ պայմաններում ես թույլ տամ երկրում անկառավարելիություններ, քաոսներ, «վակխանալիաներ», պալատական ինտրիգներ, բացառված բան է: Եվ կտրելուն չի հասնի, որովհետև չեն էլ աճի, սաղմնային մակարդակում կչորանան: Ով այդպիսի գայթակղություն ունի, թող փորձի բախտը»,- եզրափակեց նա: