Սա չէր իմ պայքարի նպատակը, Եռաբլուրում հանգչող տղերքի երազանքը

Ես հպարտ եմ իմ թափած արյան, իմ արցախյան գեների, իմ մղած պայքարի և իմ այսօրվա վիճակի համար

«Ինչ-որ տեղ Արցախի հողում իմ արյունն է թափված, ինչ-որ տեղ Արցախում ինձնից մի մասնիկ կա, ինչ-որ մի փոքրիկ արցախյան հողակտոր իմ սեփական արյամբ է ջրված, և ես այսօր ուղղակի հպարտ եմ դրա համար»,- ֆեյսբուքյան իր էջումգրել է ՀՀ ԶՈՒ սպա, մայոր Սարգիս Ստեփանյանը:

Նշենք, որ Սարգիս Ստեփանյանը 2014 թվականի ամռանն Արցախի պաշտպանական շրջաններից մեկում հակառակորդի դիվերսիոն գործողությունը հետ մղելիս վիրավոր ծառայակից ընկերոջ մարմինը ականապատված տարածքից հանելու ժամանակ վիրավորվել էր ականի պայթյունից՝ կորցնելով երկու ոտքն ու ձեռքը: Այսօր Սարգիս Ստեփանյանը վերադարձել է Զինված ուժեր,  ծառայում է հայրենքին:

«Ես հպարտ եմ իմ թափած արյան, իմ արցախյան գեների, իմ մղած պայքարի և իմ այսօրվա վիճակի համար: Ու հպարտ եմ հատկապես նրա համար, որ ամեն անգամ Եռաբլուր բարձրանում եմ գլուխս բարձր, ու չնայած ոտքերս ձեզնից շատերի նման հողին չեն դիպչում և այլևս երբեք չեն դիպչելու, բայց ես անհունորեն հպարտ եմ, որ իմ արյունն է ամեն օր եռում նույն այդ հողի խորը խորքերում, որը հայաստանցի ու արցախցի չի ճանաչում, որը հավերժորեն կարոտ է իմաստուն տիրոջ: Ու հողը բնավ չի ընկալում, որ այսօրվա մեր մթագնած ուղեղներում հանկարծ կրկին արթնացել է այդ հիվանդագին տարբերակումը: Ի՜նչ վիրավորանք հողի նկատմամբ, ինչպիսի՜ անգրագիտություն...

Ու ամեն անգամ, երբ ոմանց թշնամաբարո ձեռքով բարձրանում է այս հարցը, ինչ-որ տեղ Արցախի հողում իմ արյունը եռ է գալիս հողի խորը շերտերում, և միայն այդժամ ես սկսում եմ երերալ ու հանկարծ հիշել, որ այլևս իմ ոտքերով չեմ դիպչում այս հազարամյա հողին:

Սա չէր իմ պայքարի նպատակը, սա չէր Եռաբլուրում վեհորեն հանգչող տղերքի երազանքը, սա չէր մեր կողքին ապրող հաղթած տղերքի գիտակցված կռվի ցանկալի արդյունքը: Ուստի բավ է, բավ, մի պահ կա´նգ առեք և հենց այդ քարացած ակնթարթին հիշեք, որ Արցախի հողում Դուշման Վարդանների, Մոնթեների, Լեոնիդ Ազգալդյանների, այսօր արդեն Ռոբերտների, Սասուների, Արմենակների, Արարատների, Արշակների, Ազատների ու երկնքում ճախրող հազարավոր արծիվների արյունն է խլրտում ու կանչում սթափության, կանչում, սպասում, հավատում, որ երբևէ այս տառապած հողում մարդիկ այնքան իմաստուն կդառնան, որ վերջապես կհասկանան՝ չի լինում հայաստանցի ու արցախցի, լոռեցի ու գյումրեցի, լինում է հայ, ուղղակի հայ...»,- գրել է Սարգիս Ստեփանյանը։

Վիրավորվելու ժամանակ Սարգիս Ստեփանյանը 31 տարեկան էր։ Ծանր վիճակում գտնվելով վերակենդանացման բաժանմունքում՝ նա բոլոր զինվորներին բարի ծառայություն մաղթեց. «Աստված իրենց հետ»:

«Հայ զինվորի» հետ զրույցում Սարգիսը պատմել է. «Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ 20 վայրկյանով կանգնել է: Երբ բժիշկները կռիվ էին տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում, իբր, պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ… ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվիր…»:

Վիրավորումից ամիսներ անց սկսել է ոչ միայն քայլել, այլև՝ սպորտով զբաղվել: ՀՀ ԶՈւ մայոր, մարզիկ Սարգիս Ստեփանյանը դարձել է բազկամարտի աշխարհի չեմպիոն`  հենաշարժողական խնդիրներ ունեցող մարզիկների մրցումներում։ Նրան  հաջողվել է մի քանի անգամ բարձրացնել 32 կգ կշռաքար և նրա սահմանած ռեկորդն ամրագրված է «Դյուցազնագրքում»։