Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. Ամերիկացի փորձագետ

Մանրամասներ
ռուս խաղաղապահ

Ռուս խաղաղապահների դուրսբերում Լեռնային Ղարաբաղից Ադրբեջանն ընկալում է որպես Հայաստանի վրա ճնշումների համար որևէ խոչընդոտի բացակայություն, այդ թվում՝ ռազմական ճնշում։ Այս մասին «Ուժի գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ամերիկյան Stratfor (RANE) հետախուզական և վերլուծական կենտրոնի վերլուծաբան Մեթյու Օրրը։

«Բայց ինչո՞ւ էր Ռուսաստանին պետք համաձայնել։

Առաջին պատճառը վերաբերում է ռեսուրսներին. Այո, դրանք փոքր ռազմական ռեսուրսներ են, բայց դրանք դեռ պետք են այլ վայրերում, այդ թվում՝ հյուսիսում և ուկրաինական ճակատում։

Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ, թե որքան է վստահում ադրբեջանցիներին և, թե որքան սերտ են նրանց հարաբերությունները։ Սա ազդանշան էր Ռուսաստանից՝ ուղղված Հայաստանին։

Ռուսաստանի նախկին ռազմավարությունն ամբողջությամբ ձախողվեց այն բանից հետո, երբ 2020 թվականի փաստաթուղթը չիրագործվեց։ Դրանից հետո Մոսկվան ստիպված եղավ ամբողջությամբ փոխել իր ռազմավարությունը Հարավային Կովկասում, որն ամբողջությամբ դրված է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սերտ հարաբերությունների վրա»,- նշել է փորձագետը։

Օրրը շատ մեծ տեղաշարժեր չի տեսնում դեպի այն, որ հայերը սկսեն զանգվածաբար Լեռնային Ղարաբաղ վերադառնալ, ուստի այս հարցը, նրա կարծիքով, գործնականում փակված է։ Նրա գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղը հայերի համար պաշտպանության հատուկ մեխանիզմներ չի ունենա, եթե նրանք ցանկանան վերադառնալ։