ՀՀ սահմանները շատ պարզ են. Կոստանյանը՝ ՀԱՊԿ-ին

Մանրամասներ
վահան Կոստանյան

Երևանն ակնկալում է, որ ի վերջո ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները օկուպացվել են, լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

ՀԱՊԿ-ից օրերս պատասխանել են արդեն երկու տարի հնչող հարցին՝ ո՞րն է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտին ՀՀ-ում։ Անանուն պաշտոնյան ռուսաստանյան РБК-ին փոխանցել է՝ ՀԱՊԿ-ը Հայաստանում իր պատասխանատվության ոլորտը համարում է Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմաններում։

«Հայաստանի Հանրապետության սահմանները շատ պարզ են, շատ պարզ է բոլորի համար, թե որն է ՀՀ սուվերեն տարածքը։ Ըստ էության ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունը, չնայած դա էլ է վիճելի՝ արդյոք ՀԱՊԿ քարտուղարությունը իրավասու է նման հայտարարություններ անել ՀԱՊԿ անդամ պետությունների անունից, թե ոչ։

Մեր դիրքորոշումը չի փոխվել, և մենք ակնկալում ենք, որ ի վերջո ՀԱՊԿ-ը քաղաքական գնահատական կտա այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները օկուպացվել են, մասնավորապես 2022թ. սեպտեմբերին», - այսօր շեշտեց արտաքին գործերի նախարարի տեղակալը։