ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 11 800 մարդ աշխատանքի է ընդունվել Հայաստանում. Փաշինյան

Մանրամասներ
գաղթ

Այս ընթացքում ԼՂ-ից բռնի տեղահանված բավականին թվով մեր քույրեր ու եղբայրներ Հայաստանում աշխատանքի են ընդունվել: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին մեր տվյալների համաձայն նրանց թիվը 10 հազարը գերազանցում է, 11 800-ից ավելի մարդ աշխատանքի է ընդունվել: Մենք այս պրոցեսը պետք է քաջալերենք>,-ասաց նա:

Իր հերթին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ արցախցի երեխաների ճնշող մեծամասնությունը դպրոցներում են. «Շուրջ 17 հազար երեխայի մասին է խոսքը եւ մենք նաեւ միգրացիոն  ծառայության հետ անհրաժեշտ ճշտումներն ենք արել, որպեսզի հասկանանք այն երեխաների շրջանակը, որ դեռեւս կարող է կրթության կազմակերպման խնդիր ունենա: Մենք նաեւ  ամբողջությամբ հոգացել ենք բուհերի ու քոլեջների ուսանողների կրթության կազմակերպման հարցը եւ արդեն փոխհատուցել ենք այս ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձը»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ արդեն 320-ից ավելի արցախցի ուսուցիչներ աշխատանքի են անցել մարզերում. «Նաեւ այդ ծրագրից դուրս դպրոցներում աշխատանքի տեղավորված ուսուցիչների թիվը շուրջ 500 է»: