ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող. Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին

Մանրամասներ
նիկոլ արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա, անում են գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եվ ես ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհարժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար սպառնալիքներ ստեղծելու համար չօգտագործեն:

Սա հարց է որը պետք է պատասխան ստանա, ես այսօր չեմ ուզում եզրակացություններ անեմ այդ թեմայով, բայց ուզում եմ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում բացի ՀՀ կառավարությունից այլ կառավարություն գոյություն ունենալ չի կարող: Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է, որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքում թերացել են:

Նրանք, ովքեր այդ ուղերձներով հադես են գալիս, նրանք այդ ուղերձներով հանդես գալու հնարավորություն են ունեցել, ասենք ամեն մեկը գնա մի բնակարան վարձի, ցուցանակ կպցնի ասի մենք կառավարություն ենք»,- ասել է նա:

Ավելի վաղ ֆրանսիական Le Figaro-ի հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, պատասխանելով հարցին՝ գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, ասել էր․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։