Ամեն ինչին ձև կա, չափ ու սահման կա. Ռուբեն Մելիքյանը՝ ԵՊՀ-ում ստեղծված իրավիճակի մասին

Սա անձի խնդիր չէ, այլ հաստատության, կարեւորագույն ազգային-կրթական հաստատության

Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքի էջում գրում է.

«Մի քանի օր է՝ հետեւում եմ Համալսարանում ծավալվող իրադարձություններին։ Դրանք ինձ խիստ անհանգստացնում են, քանի որ հրապարակային տեղեկությունները վկայում են ողջ գործընթացում «իրավական մշակույթի վակուումի» մասին։ Ի՞նչ նկատի ունեմ։ Եթե մոռանում ենք անունները եւ օգտագործում ենք X-եր եւ Y-ներ, ապա իրավիճակը մոտավոր հետեւյալ տեսքն ունի։

1. X համալսարանի ռեկտոր Y-ն իշխող քաղաքական ուժի կողմնակից չէ։

2. կարեւորագույն ստուգող մարմնի (այսուհետ՝ ՊՎԾ) ղեկավար Z-ը, իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ, պաշտոնը ստանձնելիս կարճ ժամանակ անց հայտարարում է, որ ստուգումներ է սկսելու X համալսարանում։

3. ՊՎԾ-ն սկսում է մեծածավալ ստուգումներ X համալսարանում, որոնք տեւում են ամիսներ։

4. Նախքան ստուգումների արդյունքները ստուգվողին նկատառումների համար ներկայացնելը՝ Z-ը հրապարակավ հայտարարում է մոտ 2մլն$ չարաշահումներ հայտնաբերելու մասին, եւ նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին։

5. Y-ը հրապարակավ հանգամանալից բացատրություններ է ներկայացնում՝ հիմնավորելով չարաշահումների բացակայությունը։

6. Փոխվում է X համալսարանի հոգաբարձուների խորհուրդը՝ 50%-ով կազմված իշխող քաղաքական ուժի նշանակած անձանցից։ Այն միաձայն հաստատում է ռեկտոր Y-ի տարեկան հաշվետվությունը։

7. Իշխող քաղաքական ուժը ներկայացնող Կրթության նախարարը հորդորում է ռեկտոր X-ին հրաժարական տալ։

8. Ռեկտոր X-ը հանրայնացնում է հորդորը եւ հայտարարում, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

9. Հաջորդ օրը Ոստիկանությունում հարուցվում է քրեական գործ X համալսարանում չարաշահումների վերաբերյալ 3 դրվագով։ Դրվագներից առնվազն մեկը ակնհայտ անհիմն է։ «Չարաշահումների» հայտարած ծվավալը նվազել է մինչեւ 0.05մլն$ է:

10. Երկու օր հետո Հոգաբարձուների խորհրդի նիստ է հրավիրվում՝ ռեկտոր X-ին պաշտոնանկ անելու օրակարգով։

Փաստերի այս նկարագրության շրջանակում ո՞վ է պատրաստ հրապարակավ փաստարկել, որ գործ չունենք քաղաքական (լայն առումով) հաշվեհարդարի կամ քաղաքական (լայն առումով) հետապնդման հետ։ Ո՞վ է պատրաստ հրապարակավ կամ թեկուզ ոչ հրապարակավ բանավիճել։

Վաղը ժամը 12։40-ից մեկ ժամով լինելու եմ Համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց, եւ պատրաստ եմ եղած վիճակի բազմակողմանի ու շիտակ քննարկման։

Կարեւոր նկատառում։ Ես Արամ Սիմոնյանին չէ, որ պաշտպանում եմ։ 2006-ին ԵՊՀ ռեկտորի ընտրության ժամանակից ի վեր այս հարցում իմ դիրքորոշումը չի փոխվել։ Իմացողները գիտեն։ Ես պաշտպանում եմ իրավական մշակույթը եւ Համալսարանի շահը։ Սա անձի խնդիր չէ, այլ հաստատության։ Կարեւորագույն ազգային-կրթական հաստատության։

ՀԳ. Ամեն ինչին ձեւ կա, չափ ու սահման կա։