Հայաստանցիների մեծամասնությունն ապագան կապում է ԵԱՏՄ–ի և ՀԱՊԿ–ի հետ. СЕАС «Фокус»

Մանրամասներ
նիկոլ

2024 թվականի հունվարի 19-ից փետրվարի 7-ը Հայաստանում SAEAS «FOCUS»-ի՝ Եվրոասիական սոցիոլոգների ազատ դաշինքի կողմից իրականացվել է հեռախոսային էքսպրես հարցում, որին մասնակցել է 1094 մարդ։ lurer.com-ը փոխանցում է, որ տրված հարցերի շրջանակներում փորձ է արվել պարզել, թե հայաստանցիների համար որ միջազգային կառույցն է համարվում ամենահեղինակավորը և ամենակարևորը Հայաստանի համար:

Եվ այսպես, ՀՀ քաղաքացիների տեսանկյունից ամենամեծ հեղինակություն վայելող միջազգային կազմակերպություններից ԵԱՏՄ-ն անվիճելի առաջատարն է (հարցվածների գրեթե 38%-ը)։

Երկրորդ տեղում Եվրամիությունն է (18%), գրեթե այդքանն էլ դժվարացել են պատասխանել նշված հարցին: Ավելին, ՀԱՊԿ-ը, թեև ոչ այնքան, բայց առաջ է անցել ՆԱՏՕ-ից (8,5%՝ 7,2%-ի դիմաց), իսկ ՄԱԿ-ն այս վարկանիշում աութսայդեր է՝ ձայների 4,4%-ով։

Այս հարցումը ուշագրավ է այն տեսանկյունից, որ վեր է հանում հայ հասարակության մեծամասնության մոտ առկա բացասական վերաբերմունքը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից արտաքին քաղաքական վեկտոր փոխելու նախաձեռնությանը: Որքան էլ, որ ՀՀ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ Արևմուտքի հետ առևտուրը ավելի մեծ օգուտներ  է բերելու, քան այժմ Հայաստանը ստանում է ԵԱՏՄ-ում, իսկ ՆԱՏՕ-ն Հայաստանը շատ ավելի արդյունավետ կպաշտպանի, քան ՀԱՊԿ-ն՝ հասարակության մեծամասնությունը, ինչպես տեսնում ենք, հակառակ կարծիքին են: 

Այն, որ հասարակությունը ճիշտ է գնահատում իրավիճակը, փաստում է նաև վիճակագրությունը: 2023 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 43%-ով՝ գերազանցելով 7 մլրդ 306 մլն ԱՄՆ դոլարը։ Այս մասին են վկայում 2023 թվականին ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։ 2022 թվականի համեմատ Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրում Ռուսաստանի տեսակարար կշիռը գրեթե նույն մակարդակում է մնացել (35,6%-ից նվազել է մինչև 35,3%)։ Հայաստանից արտահանումն աճել է շուրջ 39%-ով և կազմել 3 մլրդ 418 մլն։ Այսպիսով՝ ՌԴ-ի հետ առևտրում Հայաստանը գրեթե հավասարեցրել է արտահանումն ու ներմուծումը (47%/53%)։ Ինչ վերաբերվում է անվտանգային բաղադրիչին, ապա ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրել և այդ մասին բարձրաձայնում է, ինչպես և բարձրաձայնում է այն մասին, որ Թուրքիան է իր հիմնական դաշնակիցը տարածաշրջանում: Այս տեսանկյունից ավելի քան օբյեկտիվ է, որ հայ հասարակության մեծամասնությունը չի վստահում Արևմուտքի գեղեցիկ խոստումներին և իր ապագան կապում է ՌԴ–ի հետ տնտեսական և անվտանգային կապերի խորացման հետ: