Ինձ ինչ հիշում եմ՝ հիդրանտ ենք փոխում, պարոն Փամբուխչյան, հասկացեք գործն ինչ ընթացքի մեջ է․ Ավինյան

Մանրամասներ
տիգրան ավինյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, քննարկվեց չաշխատող հիդրանտների փոփոխության կամ  նորոգման հարցը։

Քաղաքապետարանի շինարարական և բարեկարգման վարչությունից հայտնեցին, որ Երևանում չգործող թվով 101 հիդրանտների կառուցման կամ  նորով փոխարինման աշխատանքները հետևյալն են․ թվով 28 հիդարանտներ տեղադրվել են, 49-ի նորոգման աշխատանքներն էլ ավարտված են և անհրաժեշտ է իրականացնել ջրանջատում՝  հիդրանտները ջրագծին միացնելու համար։ Բացի այդ, թվով 13 հիդրանտների տեղադրման համար նախատեսված աշխատանքներն ընթացքի մեջ են, թվով 11 հյիդրանտների տեղադրման հասցների հետ կապված առկա է անճշտություն, կատարվել են ճշտման աշխատանքներ, որոնք կներկայացնեն շինբարեկարգման վարչությանը եւ կառուցող կազմակերպությանը:

Տիգրան Ավինյանին տեղեկացրեցին, որ այս ուղղությամբ դեռ աշխատանքներ կան անելու և խնդրեցին հանձնարարականը երկարաձգել մինչև փետրվար։

«Այս հիդրանտներն էլ․․․ ինձ ինչ հիշում եմ՝ հիդրանտ ենք փոխում, պարոն Փամբուխչյան, կխնդրեմ հասկանաք՝ գործընթացն ինչ ընթացքի մեջ է եւ եթե ադեկվատ է փետրվարի վերջը, հասկանանք, որն է այն ժամկետը, որ ավարտում ենք այս աշխատանքը եւ հանում այս հսկողականը»,- ասաց Ավինյանը՝ դիմելով քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին: