Կույր են և անարդյունավետ․ Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ին և միջազգային կառույցներին

Մանրամասներ
էրդողան

ՄԱԿ-ը և միջազգային այլ կազմակերպություններ անգործության են մատնված, մինչ Գազայի հատվածում իսրայելական բանակը կոտորում է խաղաղ բնակչությանը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք ևս մեկ անգամ ականատես եղանք, որ ՄԱԿ-ը և միջազգային այլ կազմակերպություններ անարդյունավետ և կույր են, երբ մահմեդականներ են սպանվում: Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի Գազայում տեղի ունեցած ջարդերի դեմ։ Սակայն մենք տեսնում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կրկին անգործության է մատնված»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։

Նա նաև քննադատել է ԱՄՆ դիրքորոշումն իսրայելա-պաղեստինյան հակամարտության ֆոնին։ Նրա խոսքով՝ «թեև մի շարք երկրների կառավարություններ ձգտում են արդարացնել Իսրայելին իրենց իմպերիալիստական ​​շահերով, սակայն իրենց հասարակությունների աչքում իրենք ​​երեխա սպանող երկիր են»։

Էրդողանը հավելել է, որ մտադիր է ակտիվացնել «հեռախոսային դիվանագիտությունը»՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը լուծելու համար։ Նա նշել է, որ «խաղաղության համար ավելի բարենպաստ հիմք չի կարող լինել, քան հանդիպումը, որին կմասնակցեն տարածաշրջանի բոլոր դերակատարները՝ ներառյալ պատերազմող կողմերը»:

Նա նաև նշել է, որ Թուրքիան այն երկիրն է, որն առաջարկում է խնդրի լուծման համար առավել կիրառելի պայմաններ։ «Թուրքիան առանցքային երկիր է տարածաշրջանում ճգնաժամերի և խնդիրների լուծման համար»,- ասել է նա։

Թուրքիայի ղեկավարը կրկին ընդգծել է, որ պաղեստինյան Համաս շարժումն ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ մարդիկ, ովքեր իրենց ամբողջ ուժով փորձում են պաշտպանել իրենց հողերը և պայքարում են իրենց հայրենիքի համար։

Նա անդրադարձել է նաև տարածաշրջանում Թուրքիայի դերին։ «Այս աշխարհագրությունում անհնար է նախաձեռնություններ կամ ծրագրեր իրականացնել՝ առանց Թուրքիային այս աշխարհագրությունում հաշվի առնելու։ Մեր տարածաշրջանը պետք է անհապաղ ազատվի այն երկրներից, որոնք տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու են և ցանկանում են իրենց ազդեցությունն այստեղ հաստատել»,- նշել է Թուրքիայի ղեկավարը։