Վրաստանի խորհրդարանը քննարկում է նախագահի իմփիչմենթի հարցը

Մանրամասներ
Սալոմե Զուրաբիշվիլի

Չորեքշաբթի Վրաստանի խորհրդարանը նիստ է անցկացնում՝ քննարկելու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցը։ Այս հարցի շուրջ քվեարկությունը նախատեսված է այսօր երեկոյան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նիստում ելույթ է ունեցել նախագահը, որն ամբիոնից դիմել է Եվրամիությանը՝ Վրաստանին անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու համար։

«Այս ամբիոնից, այս դժվար պահին, ես դիմում եմ մեր եվրոպացի գործընկերներին և կոչ եմ անում նրանց, չնայած այս հակաեվրոպական իմփիչմենթին, չհրաժարվել Վրաստանից, որպեսզի թույլ չտան Ռուսաստանին ուժեղացնել իր ազդեցությունն այս տարածաշրջանում փափուկ ուժի կիրառմամբ, Սև ծովի անուղղակի օկուպացիայով կամ ապակայունացմամբ։ Ես դիմում եմ մեր գործընկերներին որպես այս երկրի նախագահ, քանի որ ներկայացնում եմ այս ժողովրդին և նրա պատմական ընտրությունը, և այս մարդկանց հետ միասին և նրանց անունից ունեմ լիակատար լեգիտիմություն և իրավասություն՝ խնդրելու այս երկրի թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահի խոսքով՝ իր դեմ հարուցված իմփիչմենթի գործընթացը խանգարում է երկրին թեկնածուի կարգավիճակ ստանալ։ Նա նաև վստահեցրել է, որ իրեն առաջնորդում է միայն երկրին Եվրոպայի հետ մերձեցման հարցում աջակցելու նպատակը, մինչդեռ, միևնույն ժամանակ, հենց եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումների համար է իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել իրեն հեռացնել պաշտոնից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանի Սահմանադրական դատարանը վճռել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի Սահմանադրությունը։

Իմփիչմենթի որոշմանը պետք է աջակցի խորհրդարանի առնվազն 100 պատգամավոր։ Հաշվի առնելով, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները խոստանում են դեմ քվեարկել, ենթադրաբար, իշխող կուսակցությունը չի կարողանա հեռացնել Զուրաբիշվիլիին պաշտոնից։

«Վրացական երազանք»-ը պնդում է, որ նախագահը խախտել է Սահմանադրությունը՝ արտասահման մեկնելով առանց կառավարության թույլտվության: Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածի համաձայն՝ նախագահը «կառավարության համաձայնությամբ իրականացնում է ներկայացուցչական լիազորություններ արտաքին հարաբերություններում, բանակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ»։ Զուրաբիշվիլին, մասնավորապես, հանդիպել է Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահների հետ։