ՄԱԿ-ի ԱԽ կարելի է մեկ ժամում դիմել. խնդիրն այն է, թե դրա արդյունքում ինչ որոշում կընդունվի. Փաշինյան

Մանրամասներ

Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ որոշման կատարման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելը Հայաստանի գործիքակազմի մեջ է եւ հասկանալիորեն մենք նաեւ այդ ուղղությամբ ենք  աշխատանքներ տանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կապի մեջ ենք ՄԱԿ-ի ԱԽ մշտական եւ ոչ մշտական անդամ երկրների հետ: Մենք գտնվում ենք քննարկումների փուլում:

ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա,  կարելի է մեկ ժամում դիմել ՄԱԿ-ի ԱԽ: Խնդիրն այն է, թե այդ դիմելու արդյունքում որոշում կընդունվի թե ոչ, եւ եթե ընդունվի, ինչ որոշում կընդունվի: Այո, ՄԱԿ-ի ԱԽ-ն Արդարադատության միջազգային դատարանի իմպլեմենտացիոն մարմինն է, բայց նաեւ չմոռանանք, որ նա քաղաքական մարմին է: Մանավանդ նման հարցով ՄԱԿ-ի ԱԽ դիմելու քայլը պետք է բավարար չափով նախապատրաստված լինի, քննարկված լինի անդամ երկրների հետ, ինչը մենք անում ենք»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք Հայաստանը քննարկում է ոչ ցանկալի զարգացումների դեպքում 120 հազար արցախցիների Հայաստանում վերաբնակեցման հարցը, ԳՀՀ վարչապետը պատասխանեց. «Հայաստանը արցախցիների՝ Հայաստանում վերաբնակեցման նման հարց չի քննարկում, Հայաստանը քննարկում է ԼՂ հայության սեփական տներում, սեփական երկրում, ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»:

Ինչ վերաբերում է  հարցին, թե արդյոք ռուս գործընկերների հետ քննարկել է Արցախը ՌԴ կազմում ներառելու հարցը եւ որքանով է դա իրատեսական, Փաշինյանն ասաց. «Ես ուղղակի արձագանք չունեմ, որովհետեւ դա ինձ չի վերաբերում: Ես նման քննարկում երբեւէ չեմ ունեցել»: