Ասում ենք խաղաղություն, Ադրբեջանը կրակում է Երասխում․ Բագրատյանը՝ Միրզոյանին

Մանրամասներ

«Խաղաղության բանակցություններում անընդհատ առաջընթացի մասին ենք խոսում, բայց զուգահեռ տեղի են ունենում գործընթացներ, որ որևէ բացատրություն չունեն հասարակության համար: Խաղաղության գնալիս ինչո՞ւ պետք է Երասխում Ադրբեջանը կրակի հայկական դիրքերի ուղղությամբ: Որտե՞ղ է սխալը»,- Ազգային ժողովում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց հղեց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Գաղտնիք չէ, որ բանակցություններին զուգահեռ Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ խաթարել, փոխել դրանց ընթացքն ու ՀՀ-ին պարտադրել լուծումներ, որոնք որ իրեն են միայն ձեռնտու: Միջազգային հանրությունը պիտի կտրուկ դրքավորվի: Կա́մ մենք բանակցում ենք բարի կամքով՝ գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կա́մ, եթե ուժի գործադրմամբ է, այսպիսի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է:

Այստեղ խոսքը կոնկրետ վերաբերում է ՀՀ՝ միջազգայնորեն ճանաչված սահամաններին, դրանք պետք է մնան անխախտ: Երասխի վերաբերյալ մի նոր նրբերանգ էլ կա:

Նախապես հայտարարվել էր, որ այնտեղ մետալուրգիական գործարան է կառուցվում, և գործունեության ընթացքում այն նպաստելու է ՀՀ տնտեսության զարգացմանը։ Ու Ադրբեջանը, նախ, «բնապահպանական պայքար» սկսեց, ապա անցավ ուժի գործադրման»,- նշեց Միրզոյանը։

Ըստ ԱԳ նախարարի՝ այս ամենը ոտնձգություն է ՀՀ պետական սահմանի նկատմամբ, և նպատակ ունի խաթարելու ՀՀ տնտեսական զարգացման ծրագրին։